211652_close_icon
views-count968 դիտում article-date 21:52 06-03-2014

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Դիդյե Բուրկհալտերի հետ

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 6-ին հանդիպեց Շվեյցարայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ։ Հայաստանի արտգործնախարարը Դիդյե Բուրկհալտերին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջյունները և գրավոր ուղերձը։ Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ և քննարկեցին հարաբերությունների ընդլայնմանը և խորացմանը առնչվող հարցեր։ Հատուկ կարևորվեց առևտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը։ Շվեյցարիայի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ։ Նախարար Նալբանդյանը նախագահ Բուրկհալտերին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Դիդյե Բուրկհալտերը վերահաստատեց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը։ Հանդիպմանը անդրադարձ արվեց այս տարվա հունիսին Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարելիք այցելությանը, մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ։

Նմանատիպ նյութեր