211652_close_icon
views-count1568 դիտում article-date 17:16 06-03-2014

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ունեցել ուսանողների հետ

Մարտի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ նիստերի դահլիճում հանդիպեց Ազգային ժողովում պրակտիկա անցնող շուրջ 10 բուհերի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա էին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը: Ողջունելով ուսանողների այցը խորհրդարան՝ ԱԺ նախագահը կարեւորեց այն հանգամանքը, որ ուսանողները, իրենց պրակտիկան անցկացնելով օրենսդիր մարմնում, հնարավորություն են ունենում ներկա գտնվելու ԱԺ նիստերին, հանձնաժողովներում իրականացվող քննարկումներին, շփվելու պատգամավորների հետ եւ ծանոթանալու օրենսդրական աշխատանքի առանձնահատկություններին: Մեկ ժամից ավել տեւած հանդիպման ընթացքում ԱԺ նախագահը ուսանողներին ներկայացրեց վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանային խնդիրները, Հայաստանի վարած տնտեսական քաղաքականությունը, անդրադարձավ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը եւ մեր երկրում իրականացվող սոցիալական բարեփոխումներին: Հնչեցված բոլոր հարցերն ու մտահոգությունները ստացան սպառիչ պատասխաններ: Հարցուպատասխանի ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական սահմանի բացմանը, երկրի տնտեսական քաղաքականությանը, արտագաղթի, աշխատատեղերի ստեղծման խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը երիտասարդներին ներկայացրեց մեր երկրի առջեւ ծառացած արտաքին քաղաքականության եւ տնտեսության մարտահրավերներն ու նշեց Հայաստանի համար գերակա այն ուղղությունները, որոնք գտնվում են իշխանությունների ամենօրյա ուշադրության կենտրոնում: Պարոն Աբրահամյանը, անդրադառնալով Հայաստանի? Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, նշեց, որ այն բխում է մեր երկրի շահերից եւ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով: Նա նշեց, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել եւ խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ: Խորհրդարանի ղեկավարն ասաց, որ մեր երկրի առաջնային խնդիրն է ԼՂ-ի եւ Հայաստանի անվտանգության ապահովումը՝ այս համատեքստում կարեւորելով տարածաշրջանում մրցունակ բանակ ունենալը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը արագ փոփոխվող աշխարհում եւ ընդգծեց, որ պատգամավորները, լինելով ժողովրդի ընտրյալներ, պետք է բարձրաձայնեն հանրությանը հուզող խնդիրները: Այս համատեքստում նա անդրադարձավ վերջերս ստեղծված ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին՝ ընդգծելով, որ հասարակությանը մտահոգող հարցերի քննարկմանը միտված նմանատիպ հանձնաժողովների ստեղծումը շարունակական բնույթ է կրելու: Անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի թերություններին եւ առավելություններին առնչվող հարցադրմանը՝ ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ այն կարեւոր բարեփոխում է եւ առաջիկայում, եթե Սահմանադրությանը հակասող դրույթներ կլինեն, ապա խորհրդարանը կանդրադառնա եւ լուծումներ կտա խնդիրներին: Որպես ոլորտի պատասխանատու հանձնաժողովի նախագահ՝ Հակոբ Հակոբյանը մանրամասներ ներկայացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ եւ պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին: Արտակ Դավթյանը եւս պարզաբանումներ տվեց իր գլխավորած հանձնաժողովի գործունեության ոլորտների վերաբերյալ հնչեցված հարցադրումներին: Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը հորդորեց ուսանողներին լավ սովորել, ուսումնառության տարիներին զինվել գիտելիքներով, լավ մարդ դառնալ ընտանիքի, հարազատների համար, իսկ պետության համար՝ պիտանի քաղաքացի: Ընդգծելով, որ ԱԺ դռները միշտ բաց են ուսանողների առջեւ՝ խորհրդարանի ղեկավարը նշեց, որ եթե կրկին հանդիպելու ցանկություն լինի, ապա ինքը պատրաստ է հանդիպելու եւ քննարկելու բոլոր խնդիրները: Ի հիշատակ հանդիպման՝ ուսանողները լուսանկարվեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նմանատիպ նյութեր