«Բարսելոնա»-ի ավագ Կառլես Պույոլը հատուկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է կատալոնյան ակումբից:
« Մրցաշրջանի ավարտից հետո ես կդադարեմ «Բարսելոնա»-ի խաղացող լինելուց: Վնասվածքից ապաքինվելը ավելի բարդ ստացվեց, քան ես պատկերացնում էի: Ես այլևս չեմ կարող հանդես գալ նախկին խաղամակարդակով: Դեռ չեմ որոշել, թե «Բարսելոնա»-ից հեռանալուց հետո ինչ եմ անելու: Առաջին հերթին ինձ անհրաժեշտ է հանգստանալ»,- հայտարարել է 35-ամյա վետերանը:
Նշենք, որ Պույոլը «Բարսելոնա»-ից կհեռանա 36 տարեկանում: Կատալոնյան ակումբի հիմնական կազմում փորձառու պաշտպանը անցկացրել է 593 հանդիպում և թիմի հետ հաղթել է 21 տիտղոս: