1663 դիտում
17:32 04-03-2014
Կայացել է «Հետ-Ռիո+20»-ի ենթահանձնաժողովի առաջին նիստը
«Կայուն քաղաքներ/կանաչ ճարտարապետության զարգացում» խորագրով ենթահանձնաժողովը` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանի ղեկավարությամբ անցկացրեց անդրանիկ նիստը: Տեղեկացնենք, որ այս ենթահանձնաժողովը ձևավորվել է ՄԱԿ-ի <<Ռիո+20>> կայուն զարգացման գագաթաժողովի «Հետ-Ռիո+20» համաշխարհային գործընթացի աշխատանքները կանոնակարգելու նպատակով ՀՀ վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 9-ի N 1147-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության շրջանակներում:
ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանը, ներկայացնելով միջգերատեսչական հանձնաժողովի մոտեցումները` կարևորեց կայուն զագացմանն ուղղված 11 ճյուղային ենթահանձնաժողովների գործունեությունը, որոնց փոխգործակցության, ինչպես նաև հանրային քննարկումների արդյունքում կփնտրվեն կառուցողական լուծումներ` քաղաքների և այլ բնակավայրերի բնականոն զարգացման հայեցակարգի և դրանցից բխող միջոցառումների ժամանակացույցի ձևավորման համար:
Նիստին մասնակցում էին ենթահանձնաժողովի աշխատանքները համակարգող` ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վ. Կաժոյանը և <<Հանուն կայուն մարդկային զարգացման>> ՀԿ նախագահ Կ. Դանիելյանը, ինչպես նաև պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ենթահանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու են պետական գերատեսչության և հասարակական սեկտորի համանախագահները, տվյալ դեպքում` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանը և Հայաստանի ճարտարապետների միավորման նախագահ Մ. Մինասյանը:
Նիստի մասնակիցները իրենց ելույթներում նշեցին քաղաքների կայուն զարգացման առկա մարտահրավերները, ինչպես նաև նկատառումները` ուղղված դրանց հաղթահարմանը: Հասարակական կազմակերպությունների կողմից հակիրճ ներկայացվեցին նաև խնդրին առնչվող նախկինում կատարված և ներկայումս ընթացող ծրագրերը:
Այդ առնչությամբ, տիկին Ալավերդյանը հանձնաժողովի անդամներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հորդորեց ակտիվություն ցուցաբերել համայնքների կայուն զարգացմանն ուղղված քաղաքաշինական խնդիրների լուծման առաջարկներում: Անդրադառնալով բնագավառի հիմնախնդիրներին նշվեց, որ համայնքների կայուն քաղաքաշինական զարգացման հիմք և երաշխավոր հանդիսացող` տեղական մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման հարցը շարունակում է մտահոգիչ մնալ: Այսպես` այժմ հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագծեր ունեն 42-ը, իսկ 866 գյուղական համայնքներից` միայն 30-ը:
Աշխատանքների արդյունավետ և թափանցիկ կազմակերպման նպատակով առաջարկվեց նախարարության պաշտոնական կայքէջում ստեղծել առանձին պատուհան, որտեղ կտեղադրվեն առաջարկությունները, տեղեկատվական նյութերը, կարծիքները և հետագա անելիքները:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջարկները կներկայացվեն մինչև սույն թվականի մարտի 20-ը:
Նմանատիպ նյութեր
1866 դիտում
18:31 15-05-2017
ԵԽԽՎ-ում տեղի է ունեցել սառեցված հակամարտությունների հարցերով ենթահանձնաժողովի նիստը
Այս բաժնից
1261 դիտում
21:26 02-01-2025
Արամ Ա Վեհափառ Հայրապետը Լիբանանում պապական նվիրակի հետ է հանդիպել
1120 դիտում
19:54 02-01-2025
Հավատարիմ ենք մնում տարածաշրջանում խաղաղությանը նպաստելու մեր առաքելությանը․ ՀՀ-ում ԵՄ առաքելություն