211652_close_icon
views-count1724 դիտում article-date 16:08 03-03-2014

Տարոն Մարգարյանն աշխատանքային այց կկատարի Ծարավ Աղբյուրի փողոց

2014թ. մարտի 4-ին ժամը 12:00-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այց կկատարի Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցում «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության (նախագահ` Արսեն Քարամյան) կողմից իրականացվող բնակարանաշինական ծրագրերի շրջանակում կառուցվող բազմաբնակարան համալիրների շինարարական հրապարակ: Աշխատանքային այցի ընթացքում Երևանի քաղաքապետը կշրջի շինարարական հրապարակում, կծանոթանա կառուցվող շենքերի ճարտարապետական լուծումներին, շինարարական աշխատանքների որակին և տեմպերին: Հաշվի առնելով այն, որ իրականացվող բնակարանաշինական ծրագրերի արդյունքում առաջիկա տարիներին նշված տարածքը բավականաչափ խիտ բնակեցվելու է և դրա հարակից տարածքում տեղակայված ՀՀ ներքին զորքերի զորամասը տեղափոխվում է այլ վայր, ՀՀ Նախագահի հանձնարարությամբ զինվորական ավանի տեղում հիմնվելու է քաղաքային պուրակ և կառուցվելու է մանկական նախակրթարան: Քաղաքապետի այցի շրջանակում տրվելու է նաևքաղաքային պուրակի ձևավորման և մանկական նախակրթարանի կառուցման աշխատանքների մեկնարկը: Պուրակի ձևավորումը կավարտվի ընթացիկ տարվա մայիս ամսին, իսկ նախակրթարանը շահագործման կհանձնվի 2015թ. սեպտեմբերին: Հիշեցնենք, որ ԵՊՀ շրջանավարտների միավորումը, ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Ս. Սարգսյանի բարձր հովանու ներքո նշված հասցեներում իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր: Ծրագրերի շրջանակում կառուցվում են ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրներ, որոնց բնակարանները շուկայականից անհամեմատ ցածր գներով տրամադրվում են ՀՀ երիտասարդ լրագրողներին, բժիշկներին, մանկավարժներին, մարզիկներին, տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության օպերատորական կազմակերպությունների, բանկային համակարգի, պետական և հատուկ ծառայությունների երիտասարդ մասնագետներին: Բազմաբնակարան շենքերի կառուցման և սպասարկման համար ձեռք բերված (գնված) հողամասն ունի 35000 քմ. ընդհանուր մակերես: Բնակելի համալիրներն ունեն 12 մասնաշենքեր, որոնցից հինգը (338 բնակարաններով)՝ շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին, իսկ մնացած յոթը (490 բնակարաններով)՝ 2015թ. հուլիս ամսին: Համալիրների կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնում է «Էյ Դի Էյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (տնօրեն՝ Վահրամ Մելքումյան): Բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքերը մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղեր, իսկ առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով (առևտրի, կենցաղ-սպասարկման կենտրոններ, ցուցասրահներ և այլն): Շենքերի հարակից տարածքներն ամբողջությամբ բարեկարգվելու են, նորացվելու են կոմունիկացիոն համակարգերը, կառուցվելու են մանկական խաղահրապարակներ, կանաչապատ հանգստի գոտիներ և ծառուղիներ: Տարածքն ունենալու է ժամանակակից արտաքին լուսավորություն: Բնակարանաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 16,5 մլրդ. ՀՀ դրամ: Ծրագրերի իրականացման ընթացքում ստեղծվել են ավելի քան 1600 աշխատատեղեր:

Նմանատիպ նյութեր