1795 դիտում
22:20 01-03-2014
Ինչու ենք պահք պահում. իմաստը
Հենց այսօր, երբ գտնվում ենք Մեծ պահքի շեմին, արժե խոսել դրա բուն իմաստի մասին: Ցանկացած կրոնական գործողություն, լինի աղոթք, երգեցողություն, ծնրադրություն, ուխտագնացություն, թե քահանայից օրնություն ստանալը և այլն, եթե չի իմաստավորվում, եթե չի հասկացվում հենց այն գործադրող հավատացյալի կողմից, նմանվում է կախարդության, հմայության և մոգության. գործողություններ, որոնցից Աստված գարշում է և մեծամասամբ դրանք ավարտվում են կամ խելագարությամբ և ինքնասպանությամբ կամ դիվահարությամբ: Ըստ մոգության հավատալիքների, եթե մարդը ճշգրտորեն գործադրում է ինչ-ինչ կախարդական բանաձևեր և առարկաներ, ապա այն ուժը, դեպի որը ուղղված են տվյալ գործողությունները, անկախ իր կամքից ենթարկվում է գործադրողին: Սա, իհարկե, երբեմն գռեհիկ, երբեմն շատ գեղեցիկ, բայց բոլոր դեպքերում, հեքիաթ է: Եվ, ի տարբերություն, ասենք, Թումանյանի հեքիաթների, շատ վտանգավոր…
Այլ է աղոթքի պարագան, որի լավագույն օրինակը ցուցադրում է, ասենք, սուրբ Գրիգոր Նարեկացին. աղոթողը խորապես գիտակցում է, թե Ումից է խնդրում և ինչ է խնդրում, ընդսմին, հասկանում է, որ ինքը, խոնարհեցնելով և ուրանալով սեփական անձը, առաջնայնությունը վերապահում է Աստծուն: Նույնը մենք տեսնում ենք՝ սկսած Հին Կտակարանի արդարներից մինչև մեր ճանաչած վերջին սրբերի դեպքում: Ահա այսքանը գիտակցելով հասկանանք, թե Աստծուն որքանո՞վ է հետաքրքիր մեր կերածն ու չկերածը:
Նախ, հարկ է նշել, որ պահքը վերաբերում է ո՛չ միայն սննդին. այն ամենին, ինչը մեզ հաճույք է պատճառում, ենթակա է պահքի մեջ ներառվելու: Իսկ եթե հաճույքի առարկան հակում ունի մոլուցքի վերածվելու, ապա ցանկալի է հենց դրանից էլ սկսել. այն կարող է լինել սոցիալական կայքեր այցելելը, հեռուստացույցից չկտրվելու սովորությունը, սրճարանում երկար ժամանակ անցկացնելը, և այլն:
Եվ ամեն դեպքում պահքը, որը կոչված է ինքնամաքրման, չի կարող լինել ինքնանպատակ. բոլոր եկեղեցիների և մասնավորապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կոչումն է երկրի վրա հավատացյալին միացնել Տեր Հիսուսի հետ: Եվ այս միացման գագաթնակետը սուրբ Հաղորդությունն է` Տեր Հիսուս Քրիստոսի մարմնի և արյան ճաշակումը: Մենք հավատում ենք, որ պատարագի ժամանակ սովորական հացը (անթթխմոր) և գինին վերափոխվում են Տիրոջ մարմնին և արյանը: Իրողությունը հասկանալու համար դիտենք մի օրինակ. երբ մետաղալարը միացվում է էլեկտրաէներգիայի աղբյուրին, մետաղալարի տարրը չի փոխվում, սակայն այն ամողջովին «ներծծվում է» էլեկտրական էներգիայով: Եվ եթե դրան դիպչենք, կհաղորդակցվենք դրա աղբյուր-ակունքին: Նույն կերպ էլ, երբ ճաշակում ենք Աստծո Սուրբ հոգով «ներծծված» հացն ու գինին, թեև դրանց տարրը չի փոխվել և մեր օգանների համար դրանք սովորական հաց ու գինի են, սակայն մեր հոգու համար այն Աստծո մարմինն ու արյունն է: Քրիստոս Ինքն անձամբ շեշտեց սա , և շատ հստակ. «Այս է երկնքից իջած հացը, որպեսզի, ով որ սրանից ուտի, չմեռնի: Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թէ մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի. և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կեանք ունենայ (Հովհ. 6:50-52)»: Երբ Տերն այսքանն ասաց, հրեաներն սկսեցին բուռն կերպով վիճել և միմյանց հարցնել, թե ինչե՞ս կարող է «սա» իր մարմինը տա մեզ, որ ուտենք: Իսկ Հիսուս չասաց, թե փոխաբերական իմաստով եմ ասում, այլ եզրափակեց. «Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակուի իմ մէջ, և ես՝ նրա մէջ (Հովհ. 6:57)»: Եվ բնավ պատահական չէ, որ «… աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է այն լսել (Հովհ. 6:61»…, ու շատերը հեռացան Նրանից: Եվ իրա՛վ, իմանալը հեշտ է, հավատալն է դժվար, սակայն քրիստոնեությունը պահանջում է և՛ իմանալ, և՛ հավատալ: Որովհետև « …հավատը լսվածից է, և լսվածը՝ Քրիստոսի խոսքից (Հռոմե. 10:17):
Այս ճաշակմամբ մենք մեր մեջ ունենում ենք Քրիստոսին բառիս ամենաբուն իմաստով: Եվ որովհետև մենք մեր մարմնական «տանը» պատրաստվում ենք ընդունել հավիտենական Թագավորին, ապա լիովին հասկանալի է, որ այն պետք է մաքրել ու նորոգել: Ուրեմն պահքը միայն միջոց է, որով մաքրում ենք մեր մարմինը, ինչպես աղոթքը և ողորմությունը, ի թիվս այլ աստվածահաճո բաների, նաև մաքրում է հոգին:
Այլև` հարկավոր է խստագույնս զգուշանալ կրոնական խեղկատակությունից` փարիսեցիությունից. չի՛ կարելի աշխարհով մեկ հայտարարել, որ պահքի մեջ ես. սա մի առանձին թեմա է, որին դեռ կանդրադառնանք:
Սկզբունքորեն չի բացառվում նաև այն, որ ամեն պահեցողություն, եթե այն հստակ գիտակցված հավատից է բխում, դիտել` որպես զոհաբերության մի տեսակ, սակայն սա միայն սկզբն է: Աստված իր զավակներից ակնկալում է կատարյալ նվիրում և Ինքն էլ հենց առաջին քայլն արել է՝ կատարելապես նվիրվելով մարդուն: Այստեղից էլ ամենակարևոր պատվիրանը. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով (Մտթ. 22:37)»:
Այո՛, Աստված բացարձակ Սեր է և ակնկալում է բացարձակ սեր. Ում և` փառք, իսկ մեզ խաղաղություն հավիտյանս. ամե՛ն:
[b]ՎԱՀՐԻՃ ՄԵՍՐՈՊՅԱՆ
[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
589 դիտում
11:05 25-11-2024
Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են