211652_close_icon
views-count1103 դիտում article-date 18:10 01-03-2014

Ովքեր չեն տարբերում չարն ու բարին, մտավոր հետամնաց չեն

Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները՝ բացառությամբ բարու և չարի ծառի պտղից, որը պահքի խորհրդանիշն է: Առաջ այս տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Բնության հետ ներդաշնակության մեջ ապրող մարդն ուրախացել է բնության զարթոնքի փաստով: «Բարեկենդան» հին հայերենում նշանակել է ուրախություն: Այսինքն, այդ օրը մարդն ուրախացել է բնության հետ և բնության նման: Բարեկենդանն ավելի շատ կապված է կերակուրի հետ, որովհետև առաջ մարդն արհեստական կերակուրներ չէր պատրաստում, ինչպես ներկայումս: Առաջ ամեն կերակուր վերցվում էր բնությունից: Իսկ երբ բնությունը զարթնում էր, ապա մարդը համարձակ և աշխուժողորեն խժռում էր ձմռանն ամբարած վերջին պաշարները, քանի որ զարթնող բնությունը նորից և անշահախնդրորեն կերակրելու էր նրան: Բարեկենդանը ցրում է ցրտից մեռնելու վախը: Բնության զարթոնքի հետ միասին մարդը նորից մտածում է ուրախ բաների մասին: Բայց այստեղ նրան զսպելու խնդիր է առաջանում, քանի որ մարդը կարող է կորցնել կապերը և այնպիսի արարքներ գործել, որոնք կխեղաթյուրեին նրա մարդկային նկարագիրը: Այդ պատճառով Բարեկենդանին հաջորդում է մեծ պահքը: Այսինքն, կարելի է մեկ օր ուտել-խմել-ուրախանալ, բայց հետո չափավորել: Հատկանշական է, որ պահքի խորհդանիշը բարու և չարի ծառն է: Ահա այստեղ բացվում է գաղտնիքը, թե ինչու մարդկանց մեծ մասը չի նշում Բարեկենդանը: Սոցիալ-հոգեբանները պարզել են, որ մարդկանց մեծ մասը չի տարբերում լավն ու վատը, չարն ու բարին: Դա նշանակում է, որ նրանք Ադամի և Եվայի սերնդից չեն և արգելված ծառի պտղից չեն կերել: Երկար ժամանակ ընդունված էր կարծել, թե ովքեր չեն տարբերում չարն ու բարին, մտավոր հետամնաց են: Սակայն այդ տեսակետը վաղուց հերքվել է: Բարեկենդանը նրանց համար է, ովքեր տարբերում են չարն ու բարին: Ինչպես նաև գիտեն, թե ինչ է ուրախությունը, երջանկությունը, ազատությունը: Հենց այդ ազատության համար է սահմանված պահքը: Այն պահողը կոփում է իր կամքը՝ իրեն և աշխարհին ապացուցելով, որ ազատությունը իր համար ավելի թանկ է, քան կերակուրը, մարմնական կապվածությունները, փողը, երկրային քաղցր մեղքերը: Իսկ շատ առաջ, երբ մարդը բնության մասնիկն էր, գարնան հետ միասին և նրա նման ակտիվացել է: Սկսել է շատ ուտել, որովհետև ուտելիքը շատացել է, սկսել է շատ որսալ, որովհետև կենդանիները զարթնել են: Սկսել է բազմանալուն ուղղված գործողություններ անել, որովհետև ակտիվացել են հորմոնները: Այդ ժամանակ չարի, բարու և ազատության խնդիրներ էլ չեն եղել: Իսկ երբ մարդը հասավ դրախտի մեջտեղի ծառին, ամեն ինչ փոխվեց: Եվ հիմա ունենք այն, ինչ ունենք: [b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]

Նմանատիպ նյութեր