211652_close_icon
views-count1774 դիտում article-date 13:10 12-06-2026

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. «Chevrolet Volt»-ը «Մառան» ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ հունիսի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Ռազմիկ Ղ.-ն իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհի «Մառան» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 54-ամյա Ղևոնդ Մ.-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի, վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի և օրվա պատասխանատու, դասակի հրամանատար Արայիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Սաժումյանն ու Ռոբերտ Թաթոյանը։

Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր