2321 դիտում
18:10 28-02-2014
Շատ լուրջ քննադատություն
Առաջ Բարեկենդանի տոնին պատրաստվում էին երկար և նշում այն մեծ ոգևորությամբ: Ասում են, թե Թումանյանի հայտնի հեքիաթից հետո իրավիճակը փոխվել է: Ուսումնասիրողների մի մասը կարծում է, որ Թումանյանը միտումնավոր հեղինակազրկել է Բարեկենդանը՝ նրան ներկայացնելով որպես խաբող-գցող, սակայն դա մակերեսային տեսակետ է:
Թումանյանը «Բարեկենդանը» հեքիաթում զարգացրել է լուրջ խնդիր: Կինը էպիկական ժանրում ժողովրդի խորհրդանշական կերպարն է: Նա ամուսնուն ասում է՝ հիմա՛ր: Ամուսինը իշխանության խորհրդանշական կերպարն է և իր հերթին կնոջն ասում է՝ հիմա՛ր: Նրանք իրար չեն հավանում:
Այսպես ժողովուրդը իշխանությանն է հանդիմանում, իշխանությունը ժողովրդին՝ արհամարհում: Մի օր ամուսինը մի քանի փութ յուղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն: Կինը. «Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում»: Սա նշանակում է, որ ժողովուրդը չի ընդունում իշխանության ձեռքբերումները՝ երբեմն առանց քննելու դրանց իմաստն ու նշանակությունը:
Ամուսինը կարճ ասում է. «Տար, պահի, Բարեկենդանի համար է»: Ենթադրություն կա, որ հեքիաթի նախնական տարբերակում եղել է. «Տար, պահի, Բարեկենդանն է գալու»: Կինը, իրեն հասկացողի տեղ դնելով, դժկամությամբ կատարել է ամուսնու կարգադրությունը:
Այնուհետև սկսվում է զարգացումը: Կինը սպասում է Բարեկենդանի գալուն: Կնոջ սպասումներից պարզվում է, որ նա Բարեկենդանի մասին բան չգիտի: Կարծում է, թե մարդ է, բայց՝ օտար, անծանոթ: Սա նշանակում է, որ ժողովուրդը մեծամիտ է և ձևացնում է, թե ամեն ինչ գիտի, կարող է ճանաչել նույնիսկ այն, ինչը չգիտի: Այդպես էլ իր կեղծ կերպարի մեջ սկսում է սխալ գործել, այդ թվում ՝ քաղաքակրթական:
Արտաքին քաղաքականության խնդիր է դրսից ֆինանսական և նյութական միջոցներ ներգրավելը: Միջազգային հարաբերություն հաստատելուց առաջ ուսումնասիրվում են տվյալ ժողովրդի տրամադրությունները, վարքը: Եվ դիվանագիտական նրբանկատությունից ելնելով՝ բացահայտ չի խոսվում ժողովրդի տգիտության կամ հիմարության մասին, ինչքան էլ դրանք ակնառու լինեն: Նույնպես և հեքիաթի անցվորականը հարգալից և նուրբ հումորով է վերաբերվում կնոջը, չի նկատում նրա հիմարությունը, վերցնում առաջարկվող բարիքը և ուղղվում դեպի իրենց գյուղը:
Հաջորդիվ բարձրացվում է այլ խնդիր: Իշխանությանը թվում է, թե արտերկրում հարց լուծել հնարավոր է միայն խորհրդատուի, օգնականի, միջնորդի միջոցով: Այդ պատճառով ամուսինը, տեսնելով իր բարիքը տանողին, ում շալակին չէր կարող չերևալ մի քանի փութ յուղն ու բրինձը, նրան վերաբերվում է որպես խորհրդատուի, միջնորդի, ումից հարցնում է, թե ուր գնա և ինչպես: Անցվորականն էլ հումորով է արձագանքում և ընթացքում համոզվում, որ գործ ունի հիմարի հետ:
Հայտնի է, որ տիեզերքում և երկրի վրա տարբեր են ժամանակի, ուժի, արագության մասին օրենքները: Այնտեղ ակնթարթն այստեղ կարող է տևել դար: Էպիկական ժանրում գյուղը խորհրդանշում է երկիրը, իսկ գյուղից դուրս՝ տիեզերքը: Մարդն ինչքան էլ հիմար լինի, չի կարող չիմանալ, որ ձիով ավելի արագ է, քան ոտքով: Հեքիաթի մարդն ընդունում է անցվորականի պատասխանը, քանի որ նրան թվում է, թե գյուղից դուրս փոխվում են իր իմացած օրենքները, ռեալությունը: Այստեղ ցույց է տրվում, որ իշխանությունն անտեղյակ է աշխարհի կանոններից, նրան կողքի գյուղը թվում է մոլորակից դուրս, և օտարի անհեթեթ ասածներն ընդունում է, վախենում է կասկածել դրանց անհեթեթությանը: Այսինքն, իրեն հասկացողի տեղ է դնում, վախենում, որ իրեն հիմարի տեղ կդնեն, և ընկնում հիմար վիճակի մեջ:
Ուրիշ գյուղացին կամ օտար երկիրը անամոթաբար խաբում է խեղճ մարդուն ու կնոջը, իշխանությանն ու ժողովրդին, տանում նրանց բարիքն ու ձին: Իսկ ժողովուրդն ու իշխանությունը շարունակում են միմյանց հանդիմանել ու արհամարհել: Այսինքն, երբ իշխանության և ժողովրդի միջև փոխվստահություն չկա, երբ նրանք միմյանց չեն հավանում, երբ միայն հանդիմանում ու արհամարհում են միմյանց, այսինքն, երբ իշխանությունը լեգիտիմ չէ, ապա անցավոր աշխարհը անխնա յուրացնելու է ժողովրդի յուղն ու բրինձն ու իշխանության ձին: Իսկ այնուհետև ծիծաղելու է իրար չհավանող իշխանության և ժողովրդի վրա:
Խորհրդային կայսրությունում չէր կարելի թույլ տալ այսպիսի քննադատություն, քանի որ ձևացնում էին, թե ժողովուրդը 99 %-ով վստահում է իշխանությանը: Իսկ իրականում այդ կայսրությունը հենվում էր քրեական մտածողության վրա: Ինչպես նաև պահանջվում էր կտրել ժողովրդին եկեղեցական ավանդական տոներից: Այդ պատճառով շրջանառել են կեղծ վերլուծություն, թե իբր «Բարեկենդանը» հեքիաթը խաբել-գցելու մասին է, իսկ Բարեկենդանը բացասական-վատ տոն է, որը տանում է մարդկանց յուղն ու բրինձը և առաջընթացի միջոցը:
Այսպիսով, բուն Բարեկենդանը ոչ մի կապ չունի խաբել-գցելու հետ, որովհետև այն բարի և լուսավոր տոն է և չի կարող բացասական կամ չար լինել: Կին-ամուսին, ժողովուրդ-իշխանություն փոխվստահության բացակայությունն է չարիքի աղբյուրը, որի պատճառով այդ երկուսը հայտնվում են հիմար վիճակում: Այդ իրավիճակում հնարավոր չէ ոչ մի տնտեսական ձեռքբերում, ոչ մի առաջընթաց: Այդ պատճառով հեքիաթում առանց հասկանալու կորցնում են յուղն ու բրինձը, որը խորհրդանշում է տնտեսական ձեռքբերումը, և ձին՝ առաջընթացը:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1602 դիտում
23:24 20-12-2014
Ընդունում ենք ցանկացած քննադատություն. Յուրգեն Կլոպ
Այս բաժնից
652 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
541 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
754 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am