211652_close_icon

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում «Nissan»-ում պայթյուն է առաջացել ոչ թե գազալիցքավորելու ժամանակ, այլ դրանից հետո․ բենզին լցնելու պահին ավտոմեքենայում գտնվող տղամարդը ծխախոտ է վառել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count28695 դիտում article-date 10:20 26-07-2025
SHAMSHYAN.com-ը հուլիսի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Արցախի փողոցում ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով 2 հոգի ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրապարակման օրը տեղեկացրել էինք դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած տեղեկությունը, որը նաև որպես իրականություն ընդունել էին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից ժամեր անց SHAMSHYAN.com-ը նոր փաստեր է ձեռք բերել, ինչպես նաև՝ տեսախցիկի կողմից արձանագրած պայթյունի պահը՝ տեսաձայնագրությամբ։ 

Այդ ընթացքում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են վիրավորների ինքնությունը։ Նրանք են Արմավիրի մարզում հաշվառված 21-ամյա Հարություն Ղ․-ն, ում վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գառնիկ Մ․-ն, ում վիճակը նույնպես գնահատվել է միջին ծանրության։

Նշված անձիք «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Այրվացքաբանության ազգային կենտրոն»։

Պարզվել է նաև, որ այդ օրը ժամը 19։50-ի սահմաններում նշված գազաբենզալցակայան են այցելում «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, ովքեր գազը լիցքավորելուց հետո դուրս են գալիս գազի համար լիցքավորման հատվածից և առաջ ընթանում ու այնտեղ արդեն կայանում են ավտոմեքենան՝ բենզինի համար լիցքավորող սարքի մոտ, ու մինչ աշխատակիցը կլիցքավորեր ավտոմեքենան՝ սրահում գտնվող վիրավորներից մեկը ծխախոտ է վառում, ինչից առաջանում է պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը, որով ակնհայտ երևում է, թե ինչպես են նշված անձինք գազը լիցքավորելուց հետո մոտենում բենզինի լիցքավորման համար նախատեսված սարքին և ավտոմեքենայի մեջ վառում ծխախոտ, որով նաև հերքվում է այն կարծիքը, թե ավտոմեքենան պայթել էր գազ լիցքավորելու ժամանակ։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Օպերատիվորեն ժամանել էին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Սամվել Ումրշատյանն ու Վահե Ստեփանյանը վիրավոր 2 քաղաքացու նախ առաջին բուժօգնություն են ցուցաբերել՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները մարել են հեղուկ գազով լիցքավորվելուց հետո «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի սրահի և շարժիչի հատվածում առաջացած կրակը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի և բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի, ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր