211652_close_icon
views-count1208 դիտում article-date 14:27 27-02-2014

Հիմնվում է հերթական ազատ տնտեսական գոտին

Հիմք ընդունելով «Էյ Ջեյ Էյ ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի կողմից մասնավոր նախաձեռնությամբ «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու և այդ գոտու կազմակերպիչ ճանաչվելու համար ներկայացված հայտը, միջգերատեսչական գնահատող հանձնաժողովի եզրակացությունը, ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել ԱՏԳ` «Էյ Ջեյ Էյ հոլդինգ» ՓԲԸ տարածքում (Երևան, Կաշեգործների փ. 70), օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով արտահանման ծավալների աճի, նոր աշխատատեղեր ստեղծելու և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Գործադիրը հաստատել է ԱՏԳ տարածքի սահմանագիծը, ՓԲԸ-ի ներկայացրած ԱՏԳ ստեղծելու գործարար ծրագիրը: Այս որոշմամբ նախաձեռնվում է ոսկերչական, ակնագործական և ժամագործական ընկերությունների արդյունաբերական եզակի քլասթերի ստեղծումը մեր երկրում, ոլորտի ԱՏԳ հիմնումը և դրա գործունեության մեկնարկի թույլատրումը: «Այս ծրագրին դուք տեղյակ եք, հարգելի գործընկերներ, քանի որ մի քանի անգամ մենք լուսաբանել ենք այն, - հարցի վերաբերյալ ասել է Տիգրան Սարգսյանը: - Նաև հիշում եք, որ Երևանում տեղի ունեցավ համաշխարհային ոսկերիչների մեծ համագումար, որի ժամանակ էլ այս հարցը քննարկվեց: Կարող ենք ասել, որ նախաձեռնությունը գալիս է մասնավոր հատվածից, և բավական երկար նախապատրաստվել ենք այս աշխատանքին: Ունենք լուրջ ներուժ: Այս ազատ տնտեսական գոտին հնարավորություն է տալու նաև, որպեսզի ամբողջ աշխարհից հայերը, որոնք զբաղվում են ոսկերչությամբ, Հայաստանում բացեն իրենց ձեռնարկությունները: Դրանք, իհարկե, կլինեն փոքր ձեռնարկություններ, բայց, ինչպես նախարարը նշեց, ենթադրվում է, որ կստեղծվի հազարից ավելի աշխատատեղ, իսկ դա նշանակում է, որ աշխատուժի նկատմամբ լինելու է մեծ պահանջարկ»: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. փետրվարի 25-ը: Ընկերությունը, որը զբաղվում է հոլանդական բարձրակարգ վարդերի աճեցմամբ և իրացմամբ, արդեն հաջողությամբ իրականացրել է ներդրումային երկու ծրագիր: Այս ծրագրով 3 հեկտարով ընդլայնվելու է գործող ջերմոցային տնտեսությունը, ստեղծվելու են նոր աշխատատեղեր: ԱԱՀ վճարման ժամկետը երկարաձգելու որոշում է կայացվել «Բիո գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող ապրանքների վերաբերյալ: Ընկերությունը հիմնադրվել է 2013թ. և Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում կառուցում է ջերմոցային տնտեսություն, որը հոլանդական տեխնոլոգիայով տարեկան արտադրելու է շուրջ 700 մլն դրամի լոլիկ և վարունգ:

Նմանատիպ նյութեր