211652_close_icon
views-count5562 դիտում article-date 18:00 27-02-2014

Ինչպես դառնալ հարուստ

Հոս քաղաքում ապրում էր մի մարդ Հոբ անունով: Նա ուներ 7 տղա և 3 աղջիկ: Ուներ այգիներ, արտեր, անասուններ: Ապրում էր գոհ ու փառաբանում Աստծուն: Բայց մի օր իր համար անհայտ պատճառներով սկսեց կորցնել իր ունեցվածքը: Այգիներն այրվեցին, արտերի բերքը մորեխը կերավ, անասունները սատկեցին, երեխաները մահացան, իսկ ինքը ծանր հիվանդացավ: Սակայն այս կորուստները չսասանեցին նրա հավատը, և նա ամեն առավոտ ողջունում ու փառաբանում էր Աստծուն: Հանրային կյանքի բոլոր ոլորտներում փողը կարևոր նշանակություն ունի: Այն ունիվերսալ ապրանք է և ենթակա փոխանակման ցանկացած ապրանքի հետ: Փողի այս հատկանիշը եղել է փողի ստեղծման օրից և մինչև հիմա չի փոխվել: Միայն մերթ ընդ մերթ, հասարակության զարգացման անցումային փուլերում փողը դարձել է քննադատության թիրախ, քանի որ գաղափարով մարդուն կերակրելու ժամանակ փողը լուրջ խոչընդոտ է եղել: Իսկ հասարակության լճացման շրջանում, երբ գաղափարը, նպատակը իդեալը մաշվել են և չեն ոգևորել մարդուն, փողը կրկին վերականգնել է իր թագավորությունը: Այդ էտապներում ծաղկել է կոռուպցիան: Այն հասել է տագնապալի աստիճանի, երբ պետությունը ազգային նպատակ, երազանք ընդհանրապես չի ունեցել: Երբ խոսքին ոչ ոք չի հավատացել, երբ բառը կորցրել է արժեքը, երբ հասարակական հեղինակությունը հնարվոր է եղել գնել և վաճառել մետաղադրամով: Իրականում փողը ամենևին էլ չարիք չէ: Այն աստվածային պարգև է նրանց, ովքեր կարող են այն խելամիտ տնօրինել: Այն բարիք է և կարող է բազմապատկել բարիքը, եթե գտնվի գործնական մարդու ձեռքում: Փողը չի կարող փչացնել ազնիվ մարդուն, եթե վերջինս փողը չգերադասի ազնվությունից: Փողը նաև չի կարող մարդուն ազնվացնել, եթե վերջինս փողն ավելի կարևորի քան մարդասիրությունը:

Փողը բազմաթիվ արտահայտություններ ունի:Մի դեպքում նա աշխատավարձ է, շահույթ, եկամուտ: Մյուս դեպքում հարկ, պարտք, տոկոս: Սակայն բոլոր դեպքերում փողն ինքնին ոչինչ չի որոշում: Նա չի որոշում, թե ում գրպանից ելնի և ում գրպանը մտնի: Այդ մարդն է որոշում, իսկ փողը միայն գործիք է նրա ձեռքում:

Եթե մարդն ազնիվ է իր մղումներում, ապա փողն ուղղվում է բարի և ազնիվ գործերի: Հոբը հարուստ մարդ էր: Հոբն ապրում էր Աստծով: Հարուստ բառացիորեն նշանակում է Աստծով ապրող: Նույն իմաստն ունի հարուստ բառը ռուսերենում: Իսկ դա նշանակում է, որ հարուստ լինելը էականորեն կապ չունի փող ունենալու հետ:

Փող ունենալը հարուստ լինելու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Մարդը կարող է շատ փող ունենալ, բայց աղքատ լինել: Ժամանակակից փողատերերի մեծ մասը չեն կիսվում հանրության հետ, թե ինչպես են հարստացել, որովհետև նրանք փող ունեն, նույնիսկ շատ փող, բայց հարուստ չեն ու չեն կարող լինել, քանի դեռ փողին ու նյութին ավելի մեծ նշանակություն են տալիս, քան ազատությանը, հավասարությանը, եղբայրությանը, գաղափարին, Աստծուն: 

Թաթուլ  Մկրտչյան

Նմանատիպ նյութեր