211652_close_icon
views-count12361 դիտում article-date 22:19 15-02-2014

«Ճվճըվ Արոյի» անուղղելի զավակը, խոշոր չափի գումար տուգանվելով, ստացավ «գոլդ» համարանիշներով Nissan-ը

Այսօր՝ փետրվարի 15-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողի կողմից խոշոր չափի գումարով վարչական պատասխանատվության է ենթարկվել Nissan մակնիշի 91 VP 999 համարանիշի ավտոմեքենայի վարորդը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուգանքը կազմել է 210 հազար դրամ և տուգանվողը եղել է հանրությանը հայտնի «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդիներից մեծ տղան՝ Սաքուլիկը, ինչից հետո ավտոմեքենան ՃՈ հատուկ պահպանվող տարածքից հանվել է: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գ. Շամշյանը, մի ամբողջ ճանապարհային ոստիկանություն տևական ժամանակ էր, կարծես չէր կարողանում օրենքի սահմաններում վերջ դնել իրեն սուտի հանցագործ աշխարհի ներկայացուցիչ համարող «Ճվճըվ Արոյի» որդիների քաջագործություններին: Զանգվածային լրատվամիջոցներով բազմաթիվ հրապարակումներ էին եղել, թե ինչպես են սույն պարոնի անուղղելի զավակները փայլում իրենց քաջագործություններով: Մեկ պարզվել էր՝ ավտոմեքենաները վարել էին ոչ սթափ, մեկ՝ ավտոմեքենաներում հայտնաբերվել էր թմրանյութ, մեկ՝ գող կատվի նման դիմել էին փախուստի, իսկ վերջերս էլ դարձել էին ավտովթարների պատճառ: Այդ ամենից հետո «Ճվճըվ Արոյի» որդիների մեքենաները տեղափոխվել էին ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք ու նրա տղաները` հանրությանն ավելի հայտնի Սաքուլիկն ու Սերժուլիկը, 1 տարով զրկվել էին ավտոմեքենա վարելու իրավունքից: Ինչպես ասում է ժողովրդական առակը, «Խևին խրատն ինչ կանի, սևին` սապոնը» ու 2 օր առաջ էլ վարորդական իրավունքից զրկված Սաքուլիկը Երևանյան փողոցներում, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները ճեմում էր Nissan մակնիշի 91 VP 999 համարանիշի ավտոմեքենայով, բայց նրա «հաբռգածության» աստիճանը հասել էր այնտեղ, որ փորձել էր չենթարկվել ճանապարհային ոստիկանի կանգառ ազդանշանին: Բայց ինչպես ասում են` գող սիրտը դող: ՃՈ աշխատակիցները շուրջկալի արդյունքում անուղղելի զավակի վարած Nissan-ը տեղափոխել էին ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ավտոմեքենայի դիմապակուց բացակայում էր տեխզննման կտրոնը: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր