211652_close_icon
views-count2549 դիտում article-date 22:00 14-02-2014

Ի՞նչ հիմնավորմամբ եք որոշում, թե ինչն է մեղք, ինչը՝ ոչ

Բանավեճը, որը կծավալվի ստորև, նոր չէ, սակայն լուծված էլ չէ: Դրա լուծված չլինելը չէր կարող պատճառ հանդիսանալ, որպեսզի նորից ծավալեի այս ծեծված թեման, սակայն հոդվածը, որի հեղինակն է Թաթուլ Մկրտչյանը և տեղադրված [url=https://shamshyan.com/hy/article/140211174353/]SHAMSHYAN.com[/url] կայքում, ստիպում է վերափաստարկել, որ «քաղցրավենիքդ աղի բլիթիս վնաս է»: Հարգարժան պարոն Մկրտչյանը հոդվածը վերնագրել է «Աղի բլիթս քաղցրավենիքիդ վնաս չէ», և հենց վերնագրով հակադրվում է այն բոլոր մտածողներին, ովքեր կոկորդ պատռելով, պատմությունից փաստարկներ պեղելով, ամեն մեկին «արցունքներով ուսուցանելով», բացատրում են, որ չի կարելի մատների արանքով նայել այն հանգամանիքին, որը աղճատում է ազգայինը, դիմախեղում է ինքնանույնականության զգացումը և խեղաթյուրում պապերից որդիներին ավանդած ճշմարտությունը: Քովընտի տեղեկացնեմ, որ աղի բլիթի ավանդույթն ինքնին այնքան էլ հարիր չէ Առաքելական եկեղեցու զավակին կամ ողջախոհ մարդուն. մի բան, որը եկեղեցին չի խրախուսում, իսկ գիտությունը` քամահրում: Պարոն Մկրտչյանը ընթերցողի ենթագիտակցության մեջ փորձում է առաջացնլ տպավորություն, որ աղի բլիթը լիովին ընդունելի է: Սրա հետ դեռ կարելի է հաշտվել. վերջապես նա առաջին հրապարակախոսը չէ, որ քննարկում է զուտ աստվածաբանական եզրույթ, սակայն տալիս աստվածաբանական ապատեղեկատվություն: Հարգարժան Մկրտչյանը բառացիորեն գրում է «…կարելի է նշել երկուսն էլ (իմա.` Սուրբ Սարգսի տոնն էլ, Վալենտինին էլ): Դրանում մեղք չկա»: Հարց է առաջանում. Դուք ի՞նչ հիմնավորմամբ եք հայտարարություն անում մեղքի վերաբերյալ և որոշում, թե ինչն է մեղք, ինչը` ոչ: Հումոր եք անո՞ւմ. դե հենց այդպես էլ կասեիք: Թե չէ Ձեր դաժան հումորը հասկանալու համար, թերևս, հատուկ կրթություն է պահանջվում: Բարձրաձայն մտածո՞ւմ էիք. կխնդրեմ` հարևանի հետ, սուրճի բաժակի շուրջ: Սրամտո՞ւմ էիք. ակնհայտ է Ձեր մտքի սրությունը: Ի վերջո, ինչ էլ անեիք, խնդրում եմ այնպես չանեք, որ Ձեր սուր մտքերը նպաստեն մեր ազգային արժեքների ձևախեղմանը: Դուք մի՞թե չգիտեք, որ կաթոլիկ եկեղեցին նույնիսկ ճշգրիտ չգիտի էլ, թե որ Վալենտինի տոնն է նշում: Չե՞ք կարդացել այդ Վալենտինի «վարքը», որը, ի տարբերություն մեր սքանչելի Սարգսի, ինչ-ինչ, բայց քրիստոնյային ոչ այնքան հարիր սիրային արկածներ է ունեցել: Չգիտե՞ք, որ Կ. Յունգի տեսության համաձայն, նմանատիպ տոները, ընկերային անգիտակցականում կուտակված լիբիդոյի արտամղման արդյունք են: Սուրբ Սարգսի մեծությունը ոչ միայն իր սուրբ նահատակության մեջ է, այլ նաև զուտ հայկական պատվախնդրությանը հարիր ընտանիք ստեղծելու, այն փայփայելու և արդեն հանուն հավատի այս ամենասուրբ երկրայինը զոհելու մեջ: Նա ստեղծում է մի սուրբ ընտանիք, ապրում նրա համար, ինչի համար արժե մեռնել և մեռնում այն բանի համար, ինչի համար արժե ապրել: Ահա սա է ուսուցանում Սուրբ Սարգիսը իր կյանքով ու մահով: Իսկ ի՞նչ է ուսուցանում Վալենտինը, ճշգրիտը նույնիսկ կաթոլիկները չգիտեն: Կաթոլիկ Եկեղեցին, որ ժամանակ առ ժամանակ վերանայում է իր կանոնը և «կասկածելի» սրբերին դեկանոնիզացիայի (սրբադասումից հեռացում) ենթարկում, Վալենտինին չի հեռացրել, միայն այն պատճառով, որ արևմտյան և լատինաամերիկյան ժողովուրդները տոնում են այս տոնը: Իսկ վերջիններիս կենցաղից լավագույնս տեղեկանում ենք իրենց սերիալների միջոցով: Վերջապես, կարելի է նույնիսկ աչք փակել Ձեր հոդվածի վրա, եթե միայն հայտարարեիք, որ Ձեզ համար տոնը սկսում և վերջանում է ուտելիքով: Մի ուտելին գիրացնում է, մյուսը` գարեջուր խմեցնում: Եթե այսպիսի բաներն են որոշում տոնի ընդունելի կամ ոչ-ընդունելի լինելը, ապա ես Ձեզ ասելիք չունեմ, բայց կարծում եմ, որ Դուք էլ գիտակցում եք, թե տոներն ինչ համակարգաստեղծ դեր ունեն կենցաղում և մշակույթում: Ուստի, խնդրում եմ ասեք, որ սխալ եմ հասկացել Ձեր հոդվածի իմաստը, և փաստարկեք: Հակառակ դեպքում` ճիշտն ուսուցանեք և նմանատիպ հարցերի անդրադառնալիս զգույշ կատակեք: Դուք պատասխանատու եք ոչ միայն այն լսարանի առաջ, որը կարդում է Ձեր տեքստը, այլև այն բոլոր մարդկանց, ովքեր ինչ-որ կերպ շփման եզր ունեն Ձեր ընթերցողի հետ: Հարգանացս հավաստիքով և եղբայրական ներողամտության հայցով՝ [b]Վահրիճ Մեսրոպյան[/b]

Նմանատիպ նյութեր