211652_close_icon
views-count7839 դիտում article-date 15:20 07-02-2014

Ծնողների պնդմամբ՝ մանկուց բազմաթիվ հիվանդություններ ունեցող տղային «պլանի կատարման» տակ զորակոչել են բանակ. նրանք պատրաստվում են դիմել ծայրահեղ քայլի

Այսօր՝ փետրվարի 7-ին, Երևան քաղաքի բնակիչներ՝ ամուսիններ, 44-ամյա Մարիամ Սարգսյանն ու 60-ամյա Համբարձում Գրիգորյանը, ցանկանում էին՝ ի նշան բողոքի, Հանրապետության հրապարակում՝ Կառավարության վարչական շենքի դիմաց, հացադուլ սկսել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները, ովքեր ապրում են սոցիալապես անապահով պայմաններում, ունեն առողջական լուրջ խնդիրներ, արդարացիորեն բարձրաձայնում էին, որ իրենց հիվանդ տղային Մաշտոցի զինկոմիսարիատը զորակոչել է բանակ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծնողները ասում էին. «Մեր տղան՝ 19-ամյա Աշոտը, հունվարի 31-ին տեղափոխվել է Վանաձորի զորամաս, երբ տեղեկություններ ստացանք, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է և գտնվում է զորամասի բուժկետում: Նրան իրավունք չունեին զորակոչել բանակ, քանի որ մեր տղան մանկուց բազմաթիվ հիվանդություններ ունի՝ կապված թոքերի, ստամոքսի և նյարդերի հետ, և ժամանակին պառկել է Աբովյանում գործող «թոքախտի» հիվանդանոցում: Այդ բոլոր թղթերը մենք ներկայացրել ենք զինկոմիսարիատին, սակայն թղթերը վերադարձրել են մեզ՝ ասելով, թե «պլան ենք գերակատարում»: Անգամ երեխայի ձեռքն է վնասված: Դա էլ հաշվի չառան: Մենք վստահ ենք, որ եթե Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իմանա իրականությունը, ապա մեղավորները կպատժվեն և մեր կիսամեռ տղային օրենքով հետ կուղարկեն, քանի որ նա բանակի պիտանի չէ»: Ծնողները հայտնում էին նաև. «Համաձայն ենք, թող մեր տղայի հիվանդությունները բուժեն, որից հետո թող անգամ տանեն Ղարաբաղ»: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր