28804 դիտում
12:00 07-02-2014
Մանվել Գրիգորյանի 8-ամյա որդու ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ. թե ինչ է հորից սովորում, ինչու է հորից ծեծ ուտում և ավելին. տեսանյութ, ֆոտոշարք
Արցախի հերոս, գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի 8-ամյա որդին` Վազգենը, հոր խորհուրդները ականջին «օղ է անում», չկա մի բան, որ նրանից խնդրի եւ չունենա, իսկ վերջին նվերը եղել է iPad-ն ու iPhone-ը, իսկ որ մեծանա՝ հայրը նրան մեկ հատ «Ռոյս» է տալու եւ երկու հատ «Ռենջ»: Ավելին` «կաս» ունի, որտեղ հիմնականում հարյուր դոլարանոցներ են հավաքվում: Միաժամանակ նա լավ է սովորում, որ լավ մարդ եւ ազգին պիտանի զավակ դառնա: Այս մասին Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի որդին` ութամյա Վազգեն Գրիգորյանը, ով պատանի ԵԿՄ ակումբի անդամ է:
Նրան այցելեցինք հենց պարապմունքի ժամանակ: Մեր զրույցին միացան նաեւ Մանվել Գրիգորյանի թոռները՝ տասներկուամյա Մանվելը եւ հնգամյա Հապետը, ով անկեղծացավ, թե ինչից է ամենաշատը ջղայնանում եւ ինչու են բակում պատռել իր վերնաշապիկը: Մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.
[b]-Վազգեն ջան, հաշվի առնելով, որ սա քո առաջին հարցազրույցն է, կփորձեմ իմ հարցերով քեզ շատ չծանրաբեռնել: [/b]
-Բայց ես նախօրոք ասեմ, որ երեք հարցից ավելի հարցերի չեմ պատասխանելու:
[b]-Արի այսպես պայմանավորվենք: Երրորդ հարցից հետո որոշենք՝ շարունակե՞նք մեր զրույցը, թե՞ ոչ: [/b]
-Լավ:
[b]-Նախ կցանկանամ՝ պատմես, թե ում անունով են քեզ Վազգեն կոչել:[/b]
-Իմ անունը իմ պապան է դրել: Վազգեն Սպարապետի անունն է: Իմ պապան հերոս է եւ Արցախն է փրկել:
[b]-Իսկ դպրոցից բացի, բակ հաճախու՞մ ես, քո հասակակիցների հետ շփվու՞մ ես, թե՞ ոչ:[/b]
-Հա, բա ոնց: Իմ ամենամոտ ընկերը Մանվելչոն է եւ հիմա մեզ հետ նստած է: Մենք համ էլ հարեւաններ ենք, ԵԿՄ-ում նույն վաշտից ենք:
Զրույցին միջամտում է ընկերը` Մանվելը:
[b]-Մանվել ջան, իսկ դու կասե՞ս, թե ինչպես ընկերացաք: Ինչո՞վ է Վազգենը մյուս ընկերներիցդ տարբերվում: [/b]
-Մենք համ լավ հարեւաններ ենք, համ էլ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ ենք: Դե, Վազգենը բարի է, հասնող:
[b]-Վազգեն ջան, իսկ դու կհիշե՞ս մի դեպք, երբ քեզ նեղացրել են եւ ընկերդ` Մանվելն է օգնության հասել: Հայրդ, որ իմանում է, որ կռիվների եք մասնակցել, ի՞նչ է ասում: [/b]
-Մի անգամ ինձ ուզում էին ծեծել, Մանվելչոյին կանչեցի, ինքը եկավ, ինձ օգնեց: Նստած էի հրապարակի սղարանում, ինձ եկան բրթեցին, ընկա ու ըտենց կռիվը սկսվեց: Դե հիմա միլիոն կռվի մեջ, ո՞ր մեկը հիշեմ: Դու լինեիր, կհիշեի՞ր: Դե պապան, որ իմանում է կռիվ ենք արել, ասում ա. «Ախպերներով իրար պահեք, բայց կռիվ մի արեք, թե չէ քիչ կմնանք»:
[b]-Ո՞վ էր համարձակվել քեզ ծեծել:[/b]
-Չգիտեմ՝ ովքեր էին:
[b]-Իսկ միայնակ քեզ թույլ տալի՞ս են տան անդամները գնաս հրապարակ զբոսնելու կամ բակում խաղալու:
[/b]
-Ես, Մանչը, Մամբը գնում ենք, բայց պապան էլ ա գալիս:
[b]-Եղե՞լ է մի դեպք, երբ գնաս մայրիկիդ, հայրիկիդ ասես, որ քո ընկերը նեղության մեջ է եւ խնդրես, որ օգնեն: [/b]
-Հա, ինչի՞ չի եղել: Բայց երկու տարվա բան ա: Մանկապարտեզը, երբ ավարտեցի, ասացի, որ իմ խաղալիքները տան մյուս փոքր երեխաներին:
Պատանի ԵԿՄ ստորաբաժանման նախագահ Վարդուհի Մարոնյանը միջամտում է եւ պատմում, որ միջոցառումներից մեկի ժամանակ Վազգենը պաղպաղակ է ուզել, բայց միայն իր համար չի գնել, այլ վաշտի բոլոր երեխաների համար պաղպաղակ է գնել տվել. «Կրակային պարապմունքի ժամանակ էլ շեշմաներ ուզեց, որ կրակի, բայց հետո բաժանեց, որ բոլորն էլ կրակեն: Նաեւ ասեմ, որ 1997թ-ից ԵԿՄ-ում գործում է պատանի երկրապահ ակումբը, որը մինչբանակային տարիքի պատանիների եւ աղջիկների ակումբ է: Պատանիների մեջ խորացնում է ռազմահայրենասիրական գաղափարախոսությունը, հայրենիքի եւ հայոց բանակի նկատմամբ պարտքի զգացողությունը: 1997թ-ից գործող ակումբը ունի շուրջ 3000 սան: Ակումբը գործում է Հայաստանի բոլոր տարածքներում: Ամեն տարի կազմակերպվում են նաեւ ուսումնամարզական ճամբարային հավաքներ: Կուզենամ նշել, որ պատրաստվածության տեսանկյունից Վազգեն եւ Մանվել Գրիգորյան սաները ոչ մի բանով չեն զիջում մյուս պատանի երկրապահներին: Ընդհակառակը, ավելի մեծ ոգեւորվածությամբ եւ պատրաստվածությամբ են մասնակցում միջոցառումներին:
[b]-Սամվել, գիտեմ, որ դուք Մանվել Գրիգորյանի եղբոր որդին եք եւ ձեր հայրը զոհվել է Արցախի պատերազմում: Մինչեւ Վազգենի հետ զրույցը շարունակելը՝ դուք Էջմիածնի պատանի ԵԿՄ ակումբի նախագահն եք: Ի՞նչ նպատակ է հետապնդում ակումբի գործունեությունը: [/b]
-Նպատակները շատ-շատ են: Առաջնահերթ, որ երկրին տանք առողջ զինվոր եւ երկրին պիտանի քաղաքացի: Իսկ եթե համազգեստով ենք, դա չի նշանակում, որ մեր սաները գիտելիքներ չունեն: Ուսուցումը եւս շատ բարձր մակարդակի վրա է դրված: Մեր սաները ոչ միայն ֆիզիկապես են կոփվում, այլ նրանց ուղեղը եւս կոփվում է գիտելիքներով:
[b]-Վազգեն ջան, շարունակենք մեր զրույցը: Քո դաստիարակության հարցում մա՞յրդ է ավելի խիստ, թե՞ հայրդ: Հայրիկդ, մայրիկդ ի՞նչ խորհուրդներ են հաճախ քեզ տալիս, որ ականջիդ «օղ» ես անում: [/b]
-Պապան ավելի խիստ ա: Դե, եթե խելոք չմնացի, ծեծ եմ ուտում, եթե սխալ բան արեցի, ծեծ եմ ուտում:
[b]-Ասացիր, որ հայրդ ավելի խիստ է, քան մայրդ: Ինչո՞վ է այդ խստությունը արտահայտվում:
[/b]
-Դե, մաման ինձ չի ծեծում, բայց պապան ծեծում ա: Կարողա օր լինի, որ մի երեք անգամ էլ ծեծ ուտեմ:
[b]-Իսկ կա՞ մի իր, որ ծնողներիցդ խնդրել ես, բայց քեզ համար չեն գնել:
[/b]
-Նման բան չկա: Ես ինչ ուզել եմ, առել են: «Այփադ» էի երազում, հիմա ունեմ, «այֆոն» էի ուզում, ունեմ:
[b]-Թեեւ փոքր ես, բայց մեքենա չե՞ս ուզել:[/b]
-Չեմ ուզել, բայց հենա, պապան ասել է, որ երբ մեծանամ, պետք է «Ռոյս» տա, մեկ էլ երկու հատ «Ռենջ»:
[b]-Իսկ քեզ ձեռքի ծախսի համար գումար տալի՞ս են, հավաքած գումար ունե՞ս, թե՞ ոչ:[/b]
-Հա, բա ոնց: Կաս ունեմ: Հաշիվը չգիտեմ, բայց շատ է: Հազար դոլարից էլ շատ գումար կա հավաքված: Սաղ մեջը հարյուր դոլարանոցներ են: Պապան է տալիս:
[b]-Իսկ ինչի՞ համար է գումար տալիս: Օրինակ, բարձր գնահատական ես ստանում, լավ ես սովորում, դրա՞ համար, թե՞ առանց պատճառի պարզապես տալիս է: Կուզեի իմանալ նաեւ, թե հավաքածդ գումարով ինչ ես ուզում գնել:[/b]
-Չէ, դրանց համար չի տալիս: Հենց ընենց: Բայց մամաս էլ է փող տալիս: Դեռ հավաքում եմ, չգիտեմ, թե ինչ կգնեմ: Չի բացառվում, որ մարդկանց լավություններ կանեմ:
[b]-Կա՞ մի վայր, որ ցանկանաս հայրիկիդ հետ գնալ, նա չտանի: Հեչ ի՞նչ հետաքրքիր տեղեր ես հայրիկիդ հետ գնում: [/b]
-Նման տեղ չկա, որ ասեմ՝ ինձ էլ տար, չտանի: Անգամ գնացել է Ֆրանսիա, ինձ էլ է հետը տարել: Ղարաբաղ ուխտագնացության ենք գնում, Եռաբլուր, բարեկամների տուն: Բայց իմ ամենասիրած տեղը պանսիոնատն է, որտեղ ձի, բուռան ենք քշում:
[b]-Իսկ հայրդ ի՞նչ խորհուրդներ է տալիս: Օրինակ, ասե՞լ է հեչ, թե՝ տղա՛ ջան, այս ինչը այսպես արա, որ … [/b]
-Պապան ասում ա՝ լա՛վ սովորի, լա՛վ պարապի, որ առողջ լինես: Դու ես երկրին հլը պետք ես:
[b]-Ինձ թվում է՝ սիրած աղջիկ էլ կունենաս:[/b]
-Ունեցել եմ: Մեր մանկապարտեզից էր: Սիրուն էր: Սեւ մազերով, սիրուն աչքերով ու բարի էր: Մի օր էլ սեպտեմբերի մեկին նրան ծաղիկներ նվիրեցի: Հետո, որ մանկապարտեզը ավարտեցի, էլ իրար չտեսանք: Մի օր խաղահրապարակում հանդիպեցինք, բայց չմոտեցա: Վե՛րջ, այդ մասին էլ չեմ պատմում:
[b]-Լավ: Իսկ կա՞ ինչ-որ մեկը, որ քեզ ջղայնացնում է:[/b]
-Հա, մեր դասարանցին` Կոլոտը: Գրում ենք, անընդհատ բլթցնում ա: Երգում ա, գժություն ա անում, կռվում ա:
[b]-Բա ո՞նց ես փորձում բացատրես, որ իր պահվածքը ճիշտ չի:[/b]
-Իրան բացատրել չի լինի: Մի բան ասում ես, ավելի շատ է անում: Դասարանից հանում ենք դուրս, որ ինչ ուզի՝ անի:
[b]-Իսկ քեզ, բացի Վազգենից, է՞լ ինչպես են դիմում: [/b]
-Դե, մեր տան աշխատողը ինձ ասում է Սպարապետ:
[b]-Ինչպես հասկացա, տանը աշխատողներ ունեք: Նրանք ինչպե՞ս են քեզ վերաբերվում: [/b]
-Մեկը լավ, երկուսը՝ վատ: Օրինակ, Սուսանից մի բան եմ ուզել, ասել է «կտամ, բա չե՞մ տա»: Սիրուշն էլ վրայա տալիս:
[b]-Իսկ գոնե համով ճաշեր պատրաստու՞մ են, թե՞ ոչ: Ի՞նչ չես սիրում ուտել եւ որո՞նք են քո ամենասիրելի ուտելիքները:[/b]
-Օրինակ, Սուսան տոտան մեկ-մեկ ճաշեր ա եփում, որ չեմ սիրում: Օրինակ՝ գարոխով ճաշը: Ամենաշատն էլ սիրում եմ խաշն ու հարիսան:
[b]-Հետաքրքիր է նաեւ, թե ինչ երազանքներ ունես: Շատերը այդ հարցը տված կլինեն, բայց ես էլ կրկնվեմ. որ մեծանաս, ի՞նչ ես ուզում դառնալ: [/b]
-Դե, լավ եմ սովորում, որ ազգին պիտանի լինեմ, իսկ երբ մեծանամ, ամուսնանալու եմ ու լավ հայր դառնամ: Երազում եմ սպարապետ դառնամ, որ ազգիս պետք լինեմ: Բա որ ես սպարապետ դառնամ, դու ի՞նչ ես անելու:
[b][b]-Հեչ, Վազգեն ջան, գալու եմ քեզնից էլի հարցազրույց վերցնելու: Եթե, իհարկե, համաձայնես: [/b][/b]
-Հա, կտամ:
[b]-Շնորհակալ եմ անկեղծ եւ բացառիկ հարցազրույցի համար: [/b]
Հ.Գ.
Զրույցին միացավ նաեւ Մանվել Գրիգորյանի մեծ թոռնիկը՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որդին` Մանվել Գրիգորյանը, եւ ասաց, որ ինքը իր պապի անուն-ազգանունն է կրում, ինչը մեծ պատասխանատվություն է իր համար: Պատմելով, թե ինչ է սովորել պապիկից, առանձնացրեց. «Միասնականությունը»:
«Մենք ամեն օր՝ ժամը 7.30-ին, գնում ենք պապիկենց տուն եւ բոլորս հավաքվելով մի հարկի տակ՝ յուրաքանչյուրս պատմում ենք մեր առօրյան: Կամ ինչ-որ բան գնելիս բոլորիս են գնում, որ հավասարությունը պահպանվի»,-պատմեց կրտսեր Մանվել Գրիգորյանը եւ ավելացրեց, որ ինքը երազում է դեսպան դառնալ, բայց այս պահին դա իր վերջնական որոշումը չէ: Իսկ Մանվելի փոքր եղբայրը` Հապետ Գրիգորյանն էլ ավելացրեց, որ իրեն հաճախ են ջղայնացնում:
«Ներվայնանում եմ, որ տեղ եմ գնում, ասում են՝ շու՛տ արի: Օրինակ, գնում եմ պանսիոնատ, ասում են՝ շու՛տ արի: Տնից դուրս եմ գալիսմ ասում են՝ շու՛տ արի: Գնում եմ տատիկենց տուն, ասում են՝ շու՛տ արի»,-դժգոհեց փոքրիկ Հապետը:
Դիտարկմանը, թե, հավանաբար, իրեն շատ են սիրում, դրա համար են շուտ տուն կանչում, արձագանքեց.«Չգիտեմ, չգիտեմ: Բայց ջղայնանում եմ»: Նա նաեւ անկեղծացավ եւ պատմեց, որ մի օր կռվի ժամանակ իր վերնաշապիկը պատռել են: «Ես այդ ժամանակ չորս տարեկան էի եւ մենակով տաս տարեկանի դեմ կռվեցի: Հետո ախպերներիս կանչեցի, հարցերը լուծեցինք»,-հիշեց Հապետը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ ամենաշատը սիրում է իր պապիկին, պապային եւ մամային եւ երազում է գեներալ դառնալ:
Զրուցեց [b]ՏԱԹև ՄԵՍՐՈՊՅԱՆԸ:[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»