34-ամյա Դեղոյանը կասկածվում է դեղատնից կողոպուտ կատարելու մեջ
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած կողոպուտի փաստով: Փետրվարի 1-ին՝ ժամը 15:20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները կողոպուտ կատարելու կասկածանքով Գյուլբենկյան փողոցից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Հաղթանակ գյուղի բնակիչ, 34-ամյա Արսեն Դեղոյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ձեռնարկված օպերատիվ հետախուզական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Ա. Դեղոյանը նույն օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Գյուլբենկյան փողոցի վրա գործող «Մեդառա Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատնից հափշտակել է 3 տուփ սուլֆատին, 1 սրվակ լիդոկային, 1 սրվակ յոդի լուծույթ, 4 հատ 1 անգամյա օգտագործման ներարկիչներ և դիմել փախուստի:
Այդ պահին դեղատանը եղել է աշխատակից, 31-ամյա Սյուզաննա Երնջակյանը: