Լոռու մարզպետը՝ Լոռիում ստեղծված խուճապի մասին
Լոռու մարզում այս պահին մի փոքր հոսանքի հետ կապված խնդիր կա: Այս մասին SHAMSHYAN.com-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ անդրադառնալով Լոռիում առկա ցրտի, հոսանքի, գազի անջատումներին եւ թանկացումներին:
Նշենք, որ հացը 150 դրամից դարձել էր 300 դրամ: Մարզպետը նշեց, որ երեկ գիշեր գազի հետ կապված խնդիրն ամբողջությամբ լուծվել է: «Հիմա արդեն գազամատակարարումը կա, մի փոքր հոսանքի հետ կապված խնդիրներ են մնացել, աշխատանքներ տարվում են: Մի քանի բազմաբնակարան շենքերում նաեւ ջուրն է սառել: Քաղաքապետարանը համատիրության հետ աշխատում է խնդրի վերացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է թանկացումներին, ապա այդ հատվածում փոքր հացի արտադրամաս կար, այն չէր աշխատում գազ չլինելու պատճառով եւ գուցե մի քանի մարդիկ առիթավորվել են»,- մանրամասնեց մարզպետը:
Նա նաեւ ավելացրեց, որ հոսանքի հետ կապված խնդիրն այսօր կլուծվի եւ կմնա բազմաբնակարան շենքերի խնդիրը, որի ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում: Արթուր Նալբանդյանը նշեց, որ եթե գազի եւ հոսանքի խնդիրը չլիներ Վանաձորում գիշերները եղանակը -30 աստիճան է, իսկ եղանակային այդպիսի պայմաններում սառեցումներն սպասելի են: