Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահին
Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աննա Աղաջանյանն իր հավատարմագրերը հանձնեց Ինդոնեզիայի Նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցեցին 13 դեսպան, որոնց թվում էին ԵՄ, ԱՄՆ, Հարավային Աֆրիկայի, Լեհաստանի, Ռումինիայի և Օմանի՝ Ջակարտայում նստավայր ունեցող դեսպանները:
Համաձայն Ինդոնեզիայի արարողակարգի՝ հավատարմագրերի հանձնմանը հետևեց Նախագահ Յուդհոյոնոյի ելույթը, որում նա ուրվագծեց Ինդոնեզիայի իշխանությունների առջև ծառացած խնդիրները:
Ելույթներ ունեցան նաև հավատարմագրեր հանձնող դեսպանները: Իր ելույթում դեսպան Աղաջանյանը, մասնավորապես, նշեց, որ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության բացումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը և վստահեցրեց երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացման Հայաստանի իշխանությունների պատրաստակամության մասին: