6057 դիտում
15:05 04-02-2014
Մինչ գյուղապետը հերքում է, որ Prado-ով վթարի է ենթարկվել, գյուղում պնդում են, որ ավտոմեքենան վարել է հենց նա
Երեկ` փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Toyota Land Crouser Prado մակնիշի 40 CC 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները, որտեղ Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արմեն Ասոյանը հայտնել է, որ ավտոմեքենան վարել է ինքը, սակայն ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ ավտոմեքենան վարել է ոչ թե Ա. Ասոյանը, այլ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը, ով, ըստ ականատեսների՝ եղել է ոչ սթափ վիճակում և հազիվ էր ոտքերի վրա կանգնում:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Toyota Prado-ն հաշվառված է գյուղապետի եղբոր՝ Արտակ Հարությունյանի անվամբ: Վերջինս հայտնի է «Չոլի շուն» մականվամբ: