211652_close_icon
views-count117105 դիտում article-date 23:12 15-02-2021

Բնակարանային գողը, ով տուժածի տանը նաև ձվաձեղ էր արել ու կոնյակ խմել և տեղում վնասազերծվել էր Մասիսի ոստիկանների կողմից՝ կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Եդիգար Թորոսյանը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայր, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ,  38-ամյա Արարատ Մկրտչյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Թաթուլ Պողոսյանը,  դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Մկրտչյանը,   ով ոստիկանության Մասիսի բաժնի  ծառայողների  կողմից բնակարանային գողություն կատարելու ժամանակ  վնասազերծվել էր հենց հանցանքի վայրում՝ կալանավորեց:

Նրան տեղափոխել  են ՀՀ արդարադատության նախարարության քրեական ծառայության «Արմավիր» քրեակատարողական  հիմնարկ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, փետրվարի 13-ին, ոստիկանության  Արարատի մարզային վարչության (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության  բաժանմունքների ծառայողները՝ Մասիսի բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ, տաք հետքերով Մասիս քաղաքում հանցանքի վայրում բռնել և վնասազերծել էին  բնակարանային գողին:

Մասիսի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի կասկածելի քաղաքացի Մասիս քաղաքի Նոր թաղամասի  շենքերի մոտ զվռնում էր ու անընդհատ շենքի պատուհաններն  էր տնտղում: Կարճ ժամանակ անց, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ա. Ոսկանյանի  գլխավորությամբ, քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկաները  որոշել են՝ ինչպես ժողովուրդն է ասում,  երկաթը տաք-տաք ծեծել ու հասնելով նշված թաղամասի, 9-րդ շենք  38-րդ բնակարանում վնասազերծել են գողին:

Տունն ամբողջովին տակնուվրա արած է լինում, իսկ գողը նշված տուն էր մտել՝ հարմարեցված բանալիով բացելով տան դուռը:  Տանտերերը այդ պահին տանը չեն եղել, իսկ կասկածյալը, ով Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Արարատ Մկրտչյանն է, մի քանի ժամ դարանակալել էր և, երբ համոզվել է, որ տան տերերը դուրս են եկել տանից ու մեկնել աշխատանքի վայր, ովքեր Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ աշխատում են ծաղկի սրահում, մտել էր տուն և ողջ տունը տակնուվրա արել, սակայն չէր հասցրել ավարով դուրս գալ:

 Ոստիկանները նրան հանցանքի վայրից «դեպորտ էին արել»   Մասիսի ոստիկանություն: 
Դեպքի վայր էին ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանը, նույն վարչության Մասիսի քննչական բաժնի պետ Սամվել Անդրեասյանը և հատկապես կարևոր  գործերով ավագ քննիչ  Եդիգար Թորոսյանը: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  կասկածյալ Ա. Մկրտչյանը ոստիկանության Մասիսի բաժնից ներկայացվել էր Մասիսի քննչական բաժին:

Տուժածի հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի  առջև խոսել, ասում էին. «Մալադեց  ոստիկաներին ու քննիչներին, գողին տան մեջն ընենց բռնին, որ սաղ կյանքը  էդ գողը հիշելու է, որ չկարողացավ իր սև գործը մինչև վերջ ավարտին հասցնի: Էսօրը մենք սաղս հիշելու ենք,  թե ինչպես մեր համայնքի  ոստիկանները   փայլուն ձևի ոչ միայն վնասազերծեցին գողին, այլև՝  ինչու չէ, նաև ողջ թաղի պատիվը պահեցին», նկատի ունենալով այն հանգամանքը, որ եթե գողը չբռնվեր, տուժածները առաջինը հարևանների վրա էին կասկածելու:         Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ տանտիրուհին ասում էր. «Ամեն օր գնում եմ աշխատանքի: Էսօր գործիս տեղն էի, երբ ոստիկանության աշխատողը եկավ, թե բա՝ միասին պետք է գնանք ոստիկանություն: Զարմացա, ոչ մի հակաօրինական բաներ չեմ անում, խի՞: Ու ահը սրտիս եկա Մասիսի ոստիկանություն, որտեղ էլ իմացա, որ մեր տուն գող ա մտել ու գողին միլիցեքը տան մեջ բռնել են: Հետո արդեն էկա տուն, մնացի կարկամած: Ողջ տունը տակնուվրա էր արված: Էդ սրտամեռ գողը տունը թալանելու ժամանակ էլ ձվածեղ է արել, նստել, կերել, կոնյակը խմել, երևի գողության հաղթական ավարի կենացն ա խմել: Բայց լավ էր, չի կարողացել մարսել: Մասիսի միլիցեքը տեղում դրան վնասազերծել են: Իմ շնորհակալանքի խոսքն եմ ուղղում ոստիկաններին ու քննիչներին, ասելով՝ հալալ է ձեզ, տղերք, ափսոս, էդ անտեր գողը կոնյակը խմել է, բայց ոչինչ, խանութից նորը կառնեմ, ու ձեր կենացը կխմեմ»: 

Կալանավորված՝  38-ամյա Արարատ Մկրտչյանն է


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի         
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր