211652_close_icon
views-count1299 դիտում article-date 13:02 13-12-2018

Կառավարությունը կաջակցի աշակերտներին մշակութային վայրեր այցելելու հարցում

Կառավարությունն այսօր որոշել է Կրթության և գիտության նախարարությանը հատկացնել 11 մլն 604 հազար դրամ: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը նշեց, որ միջոցները կուղղվեն մշակութային վայրեր այցելելու աշակերտական աբոնեմենտային համակարգի ստեղծմանն ու ներդրմանը: «Աբոնեմենտային համակարգը հնարավորություն կտա շուրջ 380 հազար աշակերտի, անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, մասնակցել իր համայնքի կամ ցանկացած այլ քաղաքի մշակութային միջոցառմանը։ Ծրագիրը կերաշխավորի դպրոցահասակների մշակութային կրթության իրավունքի իրացման նվազագույն հնարավորությունը՝ միաժամանակ մշակութային հաստատություններին ընձեռելով նոր այցելուներ ունենալու և այլ մշակութային օջախների հետ հավասար մրցակցային պայմաններում մրցակցելու էլ ավելի շատ այցելուների համար»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրի արդյունքում գալիք տարվա ընթացքում մշակութային օջախները կունենան 1 միլիոնով ավելի այցելուներ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը ծրագրի իրականացման նպատակով պետբյուջեով հատկացրել է 400 մլն դրամ, որը արդյունքում հասնելու է մշակութային օջախներին: Բացի այս, գործադիրը 82 միլիոն 795 հազար դրամ կհատկացնի ԿԳ և Մշակույթի նախարարությունների կողմից համատեղ «Քո արվեստը դպրոցում» և «Դասական երաժշտությունը դպրոցում. «Դաս A» ծրագրերի իրականացման նպատակով, որից՝ 50 միլիոնը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի համար, իսկ 32 միլիոն 795 հազարը՝ «Դասական երաժշտությունը դպրոցում. «Դաս A» ծրագրի համար։

Նմանատիպ նյութեր