211652_close_icon
views-count55026 դիտում article-date 11:14 10-08-2018

Արաբկիրի ոստիկանները բացահայտել են թմրաբիզնեսով զբաղվող կազմակերպված հանցավոր խումբ. նրանց մոտ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ. խմբի մեջ է նաև զինծառայող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 9-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Գորգագործների փողոցից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 70-ամյա Արտավազդ Գիչունցին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իր ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի, որի մեջ են եղել նաև ուղևորներ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 33-ամյա Վլադիմիր Լեսնյակը և Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 46-ամյա Արթուր Իսպիրյանը: Ա. Գիչունցը նրանց վերցրել է որպես ուղևորներ, չի ճանաչել նրանց և տեղեկություններ չի ունեցել ովքեր և ինչով են զբաղվում Վ. Լեսնյակն ու Ա. Իսպիրյանը: Արաբկիրի ոստիկանները նշված անձանց Արաբկիրի ոստիկանություն տեղափոխելուց հետո որոշ ժամանակ անց դարձյալ ստացված օպերատիվ տվյալներով Թոխմախի գերեզմանատան տարածքից նույն կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 42-ամյա Կարեն Կարապետյանին, ով նույնպես իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենան շահագործում է որպես տաքսի և այդ պահին ավտոմեքենայի մեջ է եղել ուղևորը՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղազարյանը: Ոստիկանները զննության են ենթարկել ավտոմեքենան և հետևի նստատեղից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ: Տոպրակի մեջ էլ եղել է 2 հատ ներարկիչ, 3 հատ դատարկ սրվակներ, իսկ նստատեղի հատակի ռետինե գորգի վրա հայտնաբերել են 2 հատ կոտրած ներարկիչ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Ղազարյանը խոստովանել է, որ նշված սրվակներն ու ներարկիչները պատկանել են իրեն ու դրանց միջոցով ինքը գործածել է «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Արդեն որոշ ժամանակ անց Արաբիրի ոստիկանները, այս անգամ Երևան քաղաքի Թամանցիների փողոցից, «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց իրացնելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 34-ամյա Մանուկ Մանուկյանին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ում խուզարկությամբ հայտնաբերել են 5 հատ «B8» գրառմամբ ամբողջական «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց: Հայտանաբերվել է նաև «սուբուտեքս» հաբերի ևս 5 մանրացված կտոր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մանուկյանը խոստովանել է, որ դրանք պատկանում են իրեն: Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված թմրամիջոցը Մ. Մանուկյանը ձեռք է բերել Երևան քաղաքի ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 30-ամյա Գեղամ Գասպարյանից, ում տաք հետքերով Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են Թամանցիների փողոցից իր վարած BMW մակնիշի ավտոեմքենայով, որի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի և 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արաբկիրի հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործի նախաքննությունը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Վ. Լեսնյակը ծառայում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում, իսկ Գ. Գասպարյանի BMW-ի մեջ Արաբկիրի ոստիկաները հայտնաբերել են 17 հատ «B8» գրառմամբ հաբեր, ինչպես նաև 7 կտոր մանրացրած «սուբուտեքս» և 2. 2 գ քաշով փաթեթավորված դեղնականաչավուն մարիխուանա: Բերման ենթարկվածներից Ա. Ղազարյանն էլ նախկինում սպանության համար դատապարտված է եղել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առանձնապես ծանր այս հանցագործության բացահայտման օպերացիան ղեկավարել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր