211652_close_icon
views-count2709 դիտում article-date 18:44 25-07-2018

Փորձ է արվում հնարավոր պատուհան գտնել Փաշինյան-Թրամփ հանդիպման համար. ԱՄՆ դեսպան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար փորձ է արվում հնարավոր պատուհան գտնել: Այս մասին ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով՝ այս պահին հանդիպման մասին որոշում դեռևս կայացված չէ: «Դիտարկվում է հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև հանդիպում կայանա՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում»,- ասաց նա: Միլսի խոսքով՝ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գոհ են երկկողմ հարաբերություններից բարձրաստիճան մակարդակով: «Վերջին 6 շաբաթների ընթացքում նախագահ Սարգսյանն է եղել Վաշինգտոնում, հանդիպում է ունեցել պետքարտուղարի հետ, առաջին փոխվարչապետն է այցելել Միացյալ Նահանգներ, այժմ ԱՄՆ-ում է գտնվում արդարադատության նախարարը»,- հավելեց դեսպանը: ՀՀ վարչապետը Նյու Յորք է մեկնելու սեպտեմբերին: ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսաուղերձի միջոցով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպմանը: «Առաջիկայում նախատեսվող այցի շրջանակներում (վարչապետ Փաշինյանը սեպտեմբերին պետք է մեկնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու), կոնգրեսականները նպատակահարմար են գտնում կազմակերպել Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ինչի մասին կոնգրեսում ստորագրահավաք են սկսել և նամակ են հղում նախագահ Թրամփին»,- նշել էր ՀՀ առաջին փոխվարչապետը:

Նմանատիպ նյութեր