211652_close_icon
views-count3275 դիտում article-date 23:34 02-07-2018

Հոգեբուժական օգնության խնդիրները` քննարկման առանցքում

Հոգեբուժական հաստատությունների ղեկավարների, պրակտիկ հոգեբույժների մասնակցությամբ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի գլխավորությամբ քննարկվել են «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն առնչվող հարցեր: Կատարվելիք փոփոխությունները միտված են հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա օրենսդրական մի շարք բացեր լրացնելուն, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելուն և դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելուն: Քննարկման ընթացքում շեշտվել է նաեւ դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման հարցը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությանը եւ դրա կատարումն ապահովող միջոցառումներին: Մասնագիտական այս քննարկումների կարեւորությունը շեշտադրվում է հատկապես այն առումով, որ «Հոգեբուժական օգնության մասին» օրենքն ընդունվել է դեռևս 2004 թվականին, և դրա կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ: Օրենքում առկա կարգավորումը չի ապահովում հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների համալիր պաշտպանությունը: Մասնավորապես, այն երաշխավորում է միայն հոգեբուժական կազմակերպությունում բուժվող անձանց իրավունքները, մինչդեռ հոգեբուժական կազմակերպությունում չբուժվող հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքները մնում են չկարգավորված: Մեկ այլ խնդիր է գործող օրենքով դատահոգեբուժական փորձաքննությունների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների չկարգավորվածությունը: Հոգեբուժության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ թերի կարգավորված են դատահոգեբուժական փորձաքննության հետ կապված հարցերը (իրականացման ընթացակարգեր, ժամկետեր), ինչը պրակտիկայում խնդիրների է հանգեցնում: Օրենքում փոփոխությունների միջոցով ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան խանգարումով տառապող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

Նմանատիպ նյութեր