211652_close_icon
views-count1240 դիտում article-date 20:50 29-10-2015

Քննարկման առանցքում աշխատաշուկան է

«Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում բուհերի և ձեռնարկությունների համագործակցության խնդիրների վերաբերյալ: Այսօր ԵՊՀ-ում կազմակերպվել էր եվրոպական «Տեմպուս» ծրագրի «HEN-GEAR» նախագծի ամփոփիչ կոնֆերանսը, որի միջոցով մանրամասն ներկայացվեց կատարված ամբողջ աշխատանքը: Կոնֆերանսի ավարտից հետո ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում էլ մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու և՛ հայաստանյան, և՛ եվրոպական համալսարանների ձեռնարկությունների հետ համագործակցության փորձի մասին: Քննարկումը կրում էր «Բարձրագույն կրթության և աշխատաշուկայի համագործակցություն. Մարտահրավերներ, առաջնայնություններ և ապագայի հնարավորությունները» խորագիրը: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ինչպես «HEN-GEAR» նախագծի մասնակից կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից հրավիրված գործատուները: Բանախոսները մի շարք կրթական հաստատությունների, զբաղվածության կենտրոնների և այլ ոլորտների ներկայացուցիչներն էին: Քննարկման նպատակն էր պարզել, թե որոնք են աշխատաշուկայում, ինչպես նաև կրթական ոլորտում առաջնային համարվող խնդիրներն ու բացթողումները: Այդ իսկ պատճառով կոնֆերանսին հրավիրված մասնակիցները, փորձեցին համակողմանի ներկայացնել ու վերլուծել խնդիրները, առկա վիճակն ու առաջադրվող մեխանիզմները: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը նշեց, որ նման ձևաչափով հանդիպում-քննարկումները նպատակային են, կարող են տալ լավ արդյունք ու համագործակցություն: Պրոռեկտորի փոխանցմամբ՝ Մայր բուհում հետևողականորեն քայլեր են ձեռնարկվում ձեռնարկությունների հետ արդյունավետ համագործակցության եզրեր գտնելու համար: Դեռ ավելին՝ այն ներառված է նաև ԵՊՀ ռազմավարական պլանում: ՀՀ ԱՍՀՆ մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ողջունեց կլոր սեղան-քննարկմանը ներկա մասնակիցներին և ներկայացրեց «Մասնագիտական կողմնորոշման հիմնախնդիրները Հայաստանում» վերտառությամբ զեկուցումը: Բանախոսը կարծում է, որ այսօր Հայաստանում լուրջ և որոշ դեպքերում կարծրատիպային խնդիր է մասնագիտության ընտրություն կատարելը: Հայկուհի Գևորգյանը մատնանշեց նաև խնդիրներ, որոնք վերաբերում էին գործազրկությանն ու մասնագիտական կողմնորոշման կենտրոններին: Ըստ մասնագետի՝ թեև առկա են զբաղվածության տարածքային կենտրոններ, այնուամենայնիվ դրանք չունեն ամբողջական անհրաժեշտ մեթոդական հիմք: Հետևաբար նման մոտեցումը ծնում է անվստահություն: Մեկ այլ կետով էլ Մասնագիտական կողմնորոշման կենտրոնի տնօրենը մանրամասն խոսեց մասնագիտական կողմնորոշման նոր համակարգի ներդրման ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ խոսեց կենտրոնի գործունեության ու մի շարք ձեռնարկությունների հետ փոխշահավետ համագործակցությունների մասին. «ԵՊՀ մի շարք ֆակուլտետներում ստեղծվել են ձեռնարկությունների հետ համագործակցության խորհուրդներ: Ինչպես ֆակուլտետների, այնպես էլ մեր կենտրոնի նպատակն է ուսանողին դարձնել ավելի մրցունակ: Հենց դրան են միտված կազմակերպվող թրեյնինգներն ու դասընթացները, որոնք պարբերական բնույթ ունեն: Մենք կարևոր ենք համարում նաև համաբուհական աշխատաշուկա անցկացնելու գաղափարը: Նման փորձ մենք իրականացրինք անցյալ տարի, ինչը բարի ավանդույթի է վերածվելու»: Հանդիպման ավարտին անցկացվեց քննարկում: Բանախոսները պատասխանեցին ներկաներին հուզող ու հետաքրքրող մի շարք հարցերի: Կարևորվեց նաև ուսանողների` կամավորական աշխատանքներ իրականացնելու գաղափարը: Մասնագետների կարծիքով էլ՝ նման մատեցումն է, որ հետագայում նրանց հնարավորություն է ընձեռում ունենալու մասնագիտական փորձ, ինչն էլ կարող է խթան հանդիսանալ հետագայում հաջողություններ արձանագրելիս:

Նմանատիպ նյութեր