211652_close_icon
views-count16709 դիտում article-date 22:49 09-06-2018

ԵՊՀ «Հյուրերի Տուն» մասնաշենքի օտարման վերաբերյալ պարզաբանում

Lurer.com կայքը հրապարակել է հարցազրույց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի հետ, որը ԵՊՀ-ին մեղադրում է «Հյուրերի տուն» մասնաշենքը իբր շուկայական գնից անհամեմատ էժան վաճառելու մեջ: Շատ ցավալի է, որ լրատվամիջոցը երկրորդ կողմին չի դիմել պարզաբանման համար, քանի որ հրապարակվածը բացահայտ զրպարտություն է. «Հյուրերի տուն» մասնաշենքի վաճառքի գինը ԵՊՀ-ն չի որոշել: Հաշվի առնելով ԵՊՀ-ի հանրային նշանակությունը՝ մեկ անգամ ևս ամենայն մանրամասնություններով, փաստաթղթերով և լուսանկարներով կանդրադառնանք վերոհիշյալ գործարքին, որպեսզի մեր հանրությանը լիարժեք պատկերացում կազմի դրա վերաբերյալ: Խորհրդային տարիներից Երևանի պետական համալսարանը ժառանգություն է ստացել բազմաթիվ շինություններ, որոնց պահպանության և բարեկարգման ծախսերն ի վիճակի չէ ինքնուրույն կատարելու: Այսօր էլ կան այդպիսի շինություններ, օրինակ՝ Բյուրականի, Դիլիջանի, Հանքավանի ուսումնաարտադրական բազաները, որոնք գտնվում են անմխիթար վիճակում: Նույնպիսի վիճակում էր հայտնվել նաև «Հյուրերի տունը», որը փայտյա ծածկեր, հնամաշ տանիք, մաշված կոյուղի և ջրամատակարարման համակարգ ունենալու պատճառով արդեն կապիտալ վերանորոգման կարիք ուներ: Համալսարանի բոլոր շենք-շինությունները ՀՀ կառավարության սեփականությունն են և ԵՊՀ-ին տրված են անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով: Կառավարության 2015թ. հունիսի 10-ի թիվ 637-Ն որոշմամբ (փաստաթուղթը կցվում է) «Հյուրերի տունը» նվիրվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին, որից հետո ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկել է «Հյուրերի տան» խնդիրը և որոշում կայացրել դրա օտարման վերաբերյալ: Այդ որոշումից հետո ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ձեռնամուխ է եղել ԵՊՀ «Հյուրերի տուն» մասնաշենքի շուկայական արժեքի գնահատման գործընթացին, որն իրականացրել է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը, որի կազմած փաստաթղթում կցված լուսանկարներից երևում է շենքի անմխիթար վիճակը (բաղդադե առաստաղներ, անմխիթար սանհանգույցներ, աստիճանաբար շահագործման համար ոչ պիտանի դարձող գույք): «Հյուրերի տան» 1քմ գնահատվել է 1450 ԱՄՆ դոլար, ինչի շահեկան գինը երևում է այն փաստից, որ հայտարարված մրցույթին մասնակցել է միայն մեկ կազմակերպություն, այսինքն՝ եթե փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի՝ գնի վերաբերյալ նշված անհանգստությունը («գրոշներով վաճառվածի» մասին) համապատասխաներ իրականությանը, ապա շենքը գնել ցանկացողների թիվն անհամեմատ մեծ կլիներ։ Մեկ անգամ ևս նշենք, որ վաճառքի գինը որոշել է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը, ոչ թե ԵՊՀ-ն: Գնահատումից հետո հայտարարվել է բաց, հրապարակային մրցույթ, որի հայտարարությունը տեղադրվել է azdarar.am կայքում: Հայտարարության մեջ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պարտադիր պայման էր սահմանել, որ գնորդը, շինության համար նախատեսված գինը վճարելուց բացի, նշված տարածքում պետք է ապահովեր 4 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում 4 տարվա ընթացքում: Աճուրդից և օտարման պայմանագրի կնքումից հետո ԵՊՀ-ն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ ստացված 2.160.000.000 դրամով, որից 360.000.000 դրամը վճարվել է ԱԱՀ և 355.000.000՝ շահութահարկ, իրականացրել է նոր հյուրատան և մարզահամալիրի վերակառուցում, ինչպես նաև նոր մասնաշենքի և հանրակացարանի (վերջինս ընթացքի մեջ է) կառուցում (հաշվետվությունները կցվում են): Ինչ վերաբերում է ԵՊՀ «Հուրերի տան» տարածքում 20 տարի գործող գարեջրատան գործունեությանը, ապա պետք է նշենք, որ. Գարեջրատունն իր գործունեությունն է ծավալել Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրի հիմքով՝ բացառապես մայթեզրին, Հարկ ենք համարում նշել, որ մայթեզրին գործունեություն իրականացնող գարեջրատունը բացվել է ԵՊՀ նախկին ղեկավարության օրոք։ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր