211652_close_icon
views-count184847 դիտում article-date 17:28 15-05-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են КамАЗ-ն ու Opel-ը. Opel-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. նրա մայրը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայքից դեպի Ջերմուկ ճանապարհահատվածի Գնդեվազ գյուղի վարչական տարածքում, բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Անտոն Առաքելյանի վարած Opel մակնիշի 35 NF 935 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Սարո Սահակյանի վարած КамАЗ մակնիշի 35 NA 045 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայքի թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի և Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Ռոման Դանիելյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ մարզի փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ջերմուկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիչները: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ մահացածը Opel-ի վարորդի մայրն է, ում անունը Քնար է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի ամբողջական տվյալները: Բախման հետևանքով առաջացել է նաև դիզվառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Opel-ի գազաբալոնը, այնուհետև կատարել դիզվառելիքի տեղափոխման աշխատանքներ, սահմանազատել են տարածքը և Opel-ի միջից դուրս են բերել մահացածի դին, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր