211652_close_icon
views-count7376 դիտում article-date 14:57 10-05-2018

Թբիլիսիում անցկացվել է Հաղթանակի օրվան և Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիսի 9-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին և Շուշիի ազատագրման 26-ամյակին, որին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը, հոգևորականներ, Արցախյան պատերազմի թբիլիսաբնակ ազատամարտիկներ, մտավորականներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Բացման իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը նշեց, որ խորհրդանշական է, որ մայիսի 9-ն իր մեջ ամբողջացնում է հայ ժողովրդի տոնացույցի փառավոր հաղթանակներից երկուսը, որոնք եկան մարմնավորելու մեր համազգային միասնությունն ու համախմբվածությունը, ազատատենչ ոգին ու անկոտրում կամքը։ Անդրադառնալով Մեծ Հայրենական պատերազմում տարած հաղթանակին՝ դեսպան Սադոյանը ընդգծեց դրա կերտման գործում հայ ժողովրդի ունեցած նշանակալի ավանդը։ Ռուբեն Սադոյանը, խոսելով Շուշիի ազատագրման մասին, նշեց, որ դա կյանքի և մահվան հարց էր, որը պսակվեց հաջողությամբ, և մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը։ Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական կցորդ Սամվել Ռամազյանն իր խոսքում անդրադարձավ Շուշի քաղաքի բազմամյա պատմությանը, Շուշիի ազատագրման նախօրեին տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը՝ մասնավորապես ընդգծելով այն նախադրյալները, որոնք հիմք ծառայեցին Շուշիի ուղղությամբ Հայոց զինուժի անկասելի գործողություններին։ Գնդապետ Ռամազյանը խոսեց հային բնորոշ ազատատենչ ու անսասան ոգու մասին, որը հայ զինվորին ուղեկցեց Շուշիի ազատագրման ժամանակ։ Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Հայրենական Մեծ պատերազմին և Շուշիի ազատագրմանը նվիրված փաստավավերագրական ֆիլմեր, հայերնասիրական երգերի կատարումներով հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի սաները։ Մայիսի 9-ին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի առթիվ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները նաև այցելեցին Թբիլիսիում բնակվող հայազգի վետերաններին և շնորհավորեցին նրանց Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Տեղեկանք․ Սերգո Միրզոյան – 91 տարեկան, գնդապետ, Հայրենական Մեծ պատերազմին Վրաստանից ճակատ մեկնած ամենաերիտասարդ կամավորականն է եղել (16 տարեկան)։ Մասնակցել է մարտական գործողություններին Բելառուսիայիում, Ուկրաինայում և Արևելյան Պրուսիայում: Հայրենիքի պաշտպանության և զինվորական ծառայության իրականացման ժամանակ ցուցաբերած անձնական արիության համար արժանացել է երեք շքնանշանների։ Խաժակ Եփրիկյանն իր 100-ամյակը բոլորել է օրեր առաջ։ Մարտնչել է Հյուսիսային Կովկասից մինչև Ուկրաինա ձգվող մարտադաշտերում։ Վեց տասնամյակից ավելի Եփրիկյանը Հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել Թբիլիսիի հայկական դպրոցներում։ Այսօր Խաժակ Եփրիկյանը վիրահայ ընթերցողին քաջածանոթ հեղինակ է, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամ։ Մինչ օրս էլ ստեղծագործում է։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր