60058 դիտում
15:57 06-05-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. 37–ամյա վարորդը BMW-ով բախվել է բետոնե ջրատարին և 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Արարատի մարզի Արարատ քաղաքի Բանավան թաղամասի բնակիչ, 37-ամյա Տիգրան Մկրտչյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Արարատ ընթանալիս, իր վարած BMW մակնիշի 21 MT 221 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե ջրատարին և մոտ 100 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը, ով 6-ամյա երեխա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և նրանք էլ տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ հերթափոխի պետ Էդգար Սարգսյանի գլխավորությամբ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և ավտոմեքենային են մոտեցրել վթարի հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկված ու շպրտված գազաբալոնը:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Տ. Գրիգորյանն ու Ս. Հարությունյանը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապան Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Տեղում ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Էդուարդ Սաֆարյանն ու Վահե Թովմասյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները մեքենաները չկայանեն ճանապարհի վրա, որպեսզի խցանում չառաջանա:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդն ու վիրավոր երեխան հայր ու դուստր են:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+