211652_close_icon
views-count3689 դիտում article-date 12:39 16-02-2018

Որքա՞ն է իրականում կազմել գնաճը. պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը

Հայաստանում գներն աճել են ոչ թե 2,6 տոկոսով, ինչպես պնդում է կառավարությունը, այլ 21,9 տոկոսով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշեց օրինագիծը ներկայացնող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, 2018-ի հունվարի 1-ին ուժի մեջ մտավ հարկային նոր օրենսգիրքը, որը 200 տոկոսով բարձրացրեց լիցքավորման գազի ակցիզային հարկը՝ 8300 դրամից դարձնելով 25 հազար դրամ, 60 տոկոսով բարձրացրեց բենզինի ակցիզային հարկը՝ 25 հազար դրամից հասցնելով 40 հազար դրամի, և դիզվառելիքի վաճառքը մտցրեց ավելացված արժեքով հարկման դաշտ: «Հունվարի հենց 1-ին տասնօրյակում ՏՄՊՊՀ-ն հայտարարեց, որ բենզինի թանկացումը 15 տոկոսով, դիզվառելիքի թանկացումը 15 տոկոսով, սեղմված գազի թանկացումը 15 տոկոսով պայմանավորված է ակցիզային հարկի նոր դրույքաչափերով»,-ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հունվարի 1-ից առաջ արդեն բենզինը և դիզվառելիք թանկացել էին 18 տոկոսով: «Մինչև հիմա էլ չկա հասկանալի բացատրություն, թե որն է ի վերջո գների բարձրացման պատճառը: Իհարկե, միշտ բերվում է միջազգային գների աճի ազդեցությունը: Բայց օրինակ Մոսկվայում դիզվառելիքը թանկացել է 7,7 տոկոսով, իսկ Երևանում՝ 32,3 տոկոսով: Նույնը վերաբերում է բենզինին: Բանն այն է, որ ԵՏՄ տարածքում մենք միասնական վառելիքի շուկա ենք, ու անտրամաբանական է, որ եթե միջազգային գներն են պատճառը, ապա գները պետք է համամասնորեն բարձրանան միասնական շուկայում: Չի կարելի ասել, որ միջազգային գների բարձրացումը դեր չունի, բայց այստեղ գործ ունենք նաեւ ակցիզային հարկի բարձրացման հետ: Իսկ մինչև հունվարի 1-ի թանկացումը կապված է եղել գնաճային սպասումների հետ. մարդիկ մտածել են, մեկ է, ակցիզային հարկը բարձրանալու է, ի՞նչ տարբերությունը նոյեմբերից թանկացնենք, թե հունվարից: Սա կապված է նաև ընտրակաշառքները հետ հավաքելու գործընթացի հետ: Բոլոր ընտրություններից հետո էլ գնաճ է գրանցվում»,-հայտարարեց Փաշինյանը: Անդրադառնալով հարցին, թե որքան է կազմել հայաստանում գնաճը, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Կառավարությունը հրապարակում է 2,6 տոկոսի գնաճի ցուցանիշ, ինչը ծիծաղելի թիվ է: Իհարկե, կարելի է թվերը այնպես դասավորել, և ստանալ ցանկացած տոկոս, բայց մենք մեր փորձագետների հետ արել ենք մի վարժություն, ու ցույց ենք տալիս, որ քաղաքացու համր գնաճը կազմել է 21,9 տոկոս»։

Նմանատիպ նյութեր