211652_close_icon
views-count4097 դիտում article-date 11:17 16-02-2018

Փոփոխությունների ճանապարհը վերնախավի դանդաղ, բայց հետևողական վերաձևման մեջ է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Սկանդալներն ունեն թիթեռնիկի կյանք: Ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհի բոլոր խորհրդարաններում մարդիկ իրար վրա կղանք են լցնում՝ բառի փոխաբերական ու երբեմն ուղիղ իմաստներով: Երբեմն քաշքշում են, ապտակում են, վիրավորում են իրար: Այն օրը, երբ նման բան տեղի է ունենում, դա թիվ մեկ իրադարձությունն է: Հաջորդ օրը գուցե հետաքրքիր է լսել կողմերի և համակիրների մեկնաբանությունները: Երկու օրից սկանդալն աստիճանաբար մարում է, և հանրության քաղաքականացված մասը սպասում է, թե երբ է առաջանալու աշխուժանալու հերթական առիթը: Երրորդ և հաջորդ օրերին կողմերը երբեմն փորձում են անցած դրվագներից օգուտներ քաղել, բայց այլևս ոչ մեկին առանձնապես չեն հետաքրքրում: Ապրել հնացած սկանդալներով, որքան էլ մենք` լրատվամիջոցներս, փորձենք դրանք ճոխացնել, ոչ ոք, մեծ հաշվով, չի ուզում: Մարդկանց թարմություն է պետք, և եթե շեշտը դրվում է բացառապես նման իրադարձությունների վրա, ապա ամեն անգամ անհրաժեշտություն կառաջանա հնարել ավելի էքսցենտրիկ, ավելի «հոտավետ» մի սցենար՝ հույս ունենալով, որ հակառակ կողմն իրեն կդրսևորի առավել խուժան ու բթամիտ ձևով: Մյուս կողմից՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը Հայաստանի նորագույն պատմության մեջ փորձարկել են քաղաքական պայքարի բոլոր «դասական» ձևերը և հաջողության չեն հասել: Այդ փաստից ոմանք հետևություն են անում, որ պետք է փորձարկել ինչ-որ տարաշխարհիկ, առողջ բանականությունից դուրս սցենարներ: Բայց բացի կարճաժամկետ թատերական էֆեկտից՝ այդ մեթոդները որևէ արդյունք չեն տա: Ու բացի այդ՝ անլրջացնում են այն, ինչ ընդունված է անվանել «քաղաքական պայքար»: Ընդդիմադիրները 25 տարի անհաջողության են մատնվում ոչ այն պատճառով, որ նրանց պայքարի մեթոդները բավականաչափ էքսցենտրիկ կամ գուցե ծայրահեղական չեն: Խնդիրն ավելի խորն է. քառորդ դար ընդդիմադիրներն իրենց հույսը կապում են «ժողովրդական ընդվզման» հետ: Ամբողջ քարոզչությունը, բոլոր տեսակի հաշվարկները հիմնված են այն սպասելիքի վրա, որ կգա «իքս» ժամը, ժողովուրդը մի լավ կընդվզի, և ռեժիմը խուճապահար կփախչի: Կարծես թե այսքան տարվա ընթացքում հնարավոր էր հասկանալ, որ դա մեթոդոլոգիական սխալ է, բայց լսեք ցանկացած ընդդիմադիր ելույթ, և երկրորդ կամ երրորդ նախադասությունից դուք կզգաք այդ, ինչպես հիմա ընդունված է ասել՝ «տեսլականը»: Գուցե ժամանա՞կն է հասկանալու, որ դա փակուղային ճանապարհ է: Փոփոխությունների ճանապարհը ես տեսնում եմ ներկա քաղաքական, տնտեսական ու մտավոր վերնախավի դանդաղ, բայց հետևողական վերաձևման մեջ: Դա տհաճ է և ցավալի լսել, նման մտքերն առաջացնում են ոչ միայն դիմադրություն, այլև ցասում: Բայց խորհուրդ եմ տալիս դրա մասին մի փոքր ավելի լուրջ մտածել»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր