211652_close_icon
views-count64956 դիտում article-date 22:46 26-01-2018

Վրաերթ ՀՀ Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ. ժամանել է Երևանի ՃՈ պետը. բնակիչների հույսը Երևանի քաղաքապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Սիմոնյանը Չարենցի փողոցի 1 հասցեի մոտ՝ ՀՀ Ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, իր վարած Opel մակնիշի 34 ՏF 348 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ 25-ամյա Տաթևիկ Եղիազարյանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորին առաջինը օգնության են հասել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկութունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու հետաքննիչ Սարգիս Գևորգյանը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել քրեական հետախուզության ծառայողներն ու Ա. Նազարյանը: Դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածը պատուհաս է դարձել բնակիչների համար: Արտաքին ոչ որակյալ լուսավորման պատճառով վարորդները չեն նկատում հետիոտնի համար նախատեսված գծերը ու ամեն անգամ տեղի են ունենում վրաերթեր: Քաղաքացիները խնդրանքով դիմում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ասելով. «Ամիսը մեկ քաղաքապետարանը հայտարարում է, թե Երևանի արտաքին լուսավորման խնդիրը դրված է քաղաքապետի ուշադրության կենտրոնում, մինչդեռ քաղաքի կենտրոնում, որտեղ կան նաև բազմաբնակարանային շենքեր, պետական և ուսումնական բազմաթիվ հաստատություններ, արտաքին լուսավորությունն, ասես, ճրագ լինի: Սաղ աշխարհն անցել է LED լուսյերի, իսկ մեզ մոտ Լենինի դարի լույսերա, գոնե այս դեպքից հետո պատասխանատու մարմիններն իրենց ուղեղներին զոռ տան ու խնդիրը լուծեն, հակառակ դեպքում՝ վրաերթերը կկրկնվեն և ողջ պատասխանատվությունը կմնա նրանց ուսերին»: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր