211652_close_icon
views-count3578 դիտում article-date 23:19 16-10-2017

Երևանում կմեկնարկի Բնապահպանական միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 23-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կմեկնարկի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի մոնիթորինգ և աղտոտիչների թունավորության գնահատում» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, ՀԱՊԿ ինստիտուտի Հայաստանի ազգային ներկայացուցչության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից, աջակցում են նաև ՀՀ ճարտարագիտական ակադեմիան, ՀԱՊՀ ուսանողական խորհուրդը և «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն: Գիտաժողովներն անցկացվում են սկսած 2011 թվականից և հիմնական առանցքը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների ամբիոնն է, որտեղ ուսումնասիրվում են օրգանական նյութերի քիմիան և արտադրության տեխնոլոգիաները, դեղագործական արդյունաբերության հնարանքները և ուսումնասիրվող բնագավառին հարակից այլ խնդիրներ, օրգանական նյութերով աղտոտված հոսքաջրերր մաքրումը և այլն: Այդ կապակցությամբ ամբիոնը գիտագործնական կապեր է հաստատել նաև ՀԱՊԿ ինստիտուտի հետ, նրա կողմից ունենալով աջակցության բոլոր հնարավոր ուղղությունները՝ համատեղ աշխատանքների կատարում, հոդվածների հրատարակում, գործնական նվաճումների փորձարկում: Գիտաժողովներն անցնում են արտասահմանյան գործընկերների ակտիվ մասնակցությամբ և ներկայացվում են օրգանական, կենսաօրգանական, գյուղատնտեսական օժանդակ միջոցներով, դեղանյութերով և այլ նման նյութերով շրջակա միջավայրի աղտոտման ու մաքրման խնդիրները: Նախորդ գիտաժողովների զեկուցման թեզիսները հրատարակվել են առանձին գրքույկներով, իսկ լավագույն աշխատանքները տպագրվել տեղական և արտասահմանյան գիտական ամսագրերում: Չորրորդ գիտաժողովին մասնակցելու համար արձագանքել են նաև նախկին ԽՍՀՄ երկրներից: Գիտաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, ՀԱՊՀ դոկտորանտ Վահան Դավթյանը նշում է, որ գիտաժողովի հիմնական նպատակն է շրջակա միջավայրի մոնիթորինգի, պահպանման, ինչպես նաև աղտոտիչների բացահայտման և վերահսկման խնդիրների վերաբերյալ ժամանակակից մեթոդների, եղանակների ներկայացումն ու քննարկումը: Ըստ նրա՝ ուսանողների և բնագավառում աշխատող երիտասարդության մասնակցությամբ գիտաժողովի անցկացումը կնպաստի նաև մեր երկրում նման մասնագիտական ուղղվածության ներուժի բացահայտմանը, բնապահպանական խնդիրների լուծման մոնիտորինգային նոր մոտեցումների զարգացմանը, աղտոտիչների հայտնաբերման նոր տեխնոլոգիաների քննարկմանը: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր