211652_close_icon
views-count5809 դիտում article-date 12:07 16-10-2017

Այսօր Հայ մամուլի օրն է

1794 թվականի հոկտեմբերի 14-ին, Մադրասում «Ազդարար» պարբերականի հիմնադրմամբ է սկսվել հայ տպագիր մամուլի պատմությունը: Իսկ ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի որոշմամբ հոկտեմբերի 16-ը ամեն տարի նշվում է որպես Հայ մամուլի օր: «Ազդարարը» հիմնադրվել է Մադրասում 1794 թվականի հոկտեմբերի 14-ին։ Հայկական առաջին և Հնդկաստանի առաջին ոչ անգլերեն տպագիր պարբերականն է եղել։ Պարբերականի հիմնադիրը Հարություն Շմավոնյանն է: Այն գործել է մինչև 1796 թվականի մարտ ամիսը։ Այդ ընթացքում հրատարակել է 18 համար, յուրաքանչյուրը՝ մոտ 50 էջ, 965 էջ ընդհանուր ծավալով։ Լուրերից բացի՝ պարբերականում տպագրվում էին նաև գեղարվեստական ստեղծագործություններ, թարգմանություններ և պատմական աշխատություններ: Տպագրել է գրաբարով, մասամբ՝ հնդկահայ և Նոր Ջուղայի բարբառներով։ Ազդարարը գիտաճանաչողական, պատմագիտական, գրական, հասարակական հանդես էր և արտացոլել է հնդկահայ կյանքը, անդրադարձել հայ ժողովրդի լուսավորության, ազգային ինքնագիտակցության, ազատագրության խնդիրներին։ Տպագրել է նաև բարոյախրատական բովանդակությամբ բանաստեղծություններ, առակներ, զրույցներ, պատմվածքներ, դաստիարակչական հոդվածներ, իրազեկել Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ամսագիրը գաղութահայերին հորդորել է վերադառնալ հայրենիք։ «Ազդարարի առանձին համարներ տպագրվել են պատկերազարդ, կարմրագույն տառերով։ Շմավոնյանը թղթակցություններ էր ստանում Մադրասից, Կալկաթայից, Բասրայից, Չինաստանից, Ֆիլիպիններից, նաև նյութեր էր տպագրում Երևանից և Շուշիից։ Ազդարարի հրապարակախոսներից աչքի էր ընկնում Սեթ Մամյանը։ Ազդարարի գրական բաժնում տպագրվել է Հակոբ Սիմեոնյան Այուբյանցի Հեյդար խանի պատմությունը, Շմավոնյանը թարգմանել է նաև ամերիկացի մանկագիր Թովմաս Դեյի Փոքրիկ Ջեկի պատմությունը, Ադիսոնի Միրզայի տեսիլքը, Ստիլլի Սանտոն Բարսիսայի պատմությունը։ Տպագրել է նաև Խաչատուր Կեսարացու «Պատմութիւն պարսիցը»։

Նմանատիպ նյութեր