170728 դիտում
10:19 22-09-2017
Ողբերգական դեպք Լոռու մարզում. 14-ամյա երեխան դպրոցի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի խցիկից ընկել և տեղում մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Ստեփանավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել են, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արամ Չթջյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի Ուռուտ գյուղից։
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարությամբ դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Պառավյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում 14-ամյա Սամվել Վարդանյանը, վարելով իր պապուն՝ 58-ամյա Սայադ Սարգսյանին պատկանող «T-40» մակնիշի առանց համարանիշի տրակտորը, Ուռուտ գյուղի ֆուտբոլի դաշտի մոտ տրակտորի անիվն ընկել է փոսը, ինչի հետևանքով տրակտորի խցիկի աստիճաններին կանգնած Ուռուտ գյուղի բնակիչ՝ 14-ամյա Վահագն Սարգսյանը ընկել է տրակտորի հետևի անիվի տակ և տեղում մահացել։
Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջի 1-ին կուրսում, իսկ տրակտորը վարած Ս. Վարդանյանը՝ Ստեփանավանի թիվ 2 դպրոցի 9-րդ դասարանում։
Լուսանկարները ՝ Սմբատ Պետրոսյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+