211652_close_icon
views-count15869 դիտում article-date 21:50 18-08-2017

Ավելի լավ է տղա՞, թե՞ աղջիկ ունենալ. Հայաստանում ծնողներին ավելի հաճախ ծերանոց են ուղարկում տղաները. վիճակագրություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կես դարյա հիշողությունները խնամքով պահվում են լուսանկարչական ալբոմում, որտեղ ամբարված է անցած ողջ կյանքը՝ լավ ու վատ օրերով, ձեռքբերումներով ու կորուստներով: Սենյակում տարածված ճնշող լռությունը խախտում են ալբոմի թերթվող էջերը: «Կինս է, երեք տղաներս, սա էլ ես եմ, ջահել ժամանակ: Այստեղ մեծ որդուս հետ եմ, սա էլ աղջկաս հետ: Տուն, տեղ, պահել եմ, մեծացրել… Այսօր այս չորս պատն է իմ տունը, բայց ոչինչ՝ ապրում եմ, չեմ կորել: Էս գորգը, հեռուստացույցը, անկողինը ես եմ ինձ հետ բերել: Պահարանս բացեմ տեսնեք, թե ինչքան շոր ունեմ, բա որ հագնվում եմ, օդեկոլոն ցանում ու դուրս գալիս, շշմած ինձ են նայում բոլորը: Ասածս այն է, որ թեկուզ առանց երեխաներիս՝ շարունակում եմ ապրել»,- ասում է Երևանի թիվ մեկ տուն-ինտերնատում բնակվող, երեք որդի և մեկ աղջիկ ունեցող 85 ամյա՝ Հայկազ Աթոյանը: Հայկազը 23 տարի առաջ կորցրել է կնոջը: Տուն-ինտերնատում ծանոթացել է 80-ամյա Արաքսյա Պետրոսյանի հետ և ամուսնության առաջարկ արել, արդեն հինգ տարի է նրանք միասին են ապրում: Արաքսյան էլ երեխաներ ունի. երեք աղջիկ ու մեկ տղա, նեղսրտած ասում է. «Ես տուն ունենամ, հարսանիքները անեմ, պահեմ մեծացնեմ ու գամ ծերանոց ընկնե՞մ: Ինձ աղջիկս բերեց այստեղ, մեքենայից իջնելուց առաջ, զգուշացրեց. կասես, որ հարևանի կինն եմ»: Արաքսյան անկեղծացավ, բայց թույլ չտվեց իրեն լուսանկարել: Ծերանոցի մյուս բնակիչները չէին հրաժարվում նկարահանվելուց, բայց նրանց մեծ մասը պատրաստ չէր պատմել օտար մարդուն իր տխուր պատմությունը: Թիվ մեկ տուն-ինտերնատի 250 բնակիչներին այստեղ տարբեր հանգամանքներ են բերել, բոլորն էլ հիմնականում երեխաներ ունեն ու շարունակ սպասում են նրանց՝ ամեն օր, ամեն րոպե աչքները ճանապարհին: «Շատերն ունեն այցելուներ, սակայն կան խնամյալներ, որոնք ընդհանրապես այցելուներ չեն ունենում, չնայած գիտենք, որ հարազատներ ունեն: Իրենց բոլորի համար շփումը շատ կարևոր է, կարոտում են, վերջապես: Ու մի կարևոր երևույթ էլ նշեմ՝ ծնողներին ավելի շատ այցելում են աղջիկները, նրանք ավելի ուշադիր են ու հոգատար, քան տղաները, ովքեր համեմատաբար շատ ավելի հազվադեպ են գալիս»,- ասում տուն-ինտերնատի սոցիալական աշխատող Լիլիթ Պողոսյանը: Երևանի Նորքի տուն-ինտերնատում բնակվող 82-ամյա Հարութ Մկրտչյանը մեկ տղա ու երեք աղջիկ ունի: Կյանքի փորձն ու ապրած տարիները նրան թույլ են տալիս ասել, որ ամեն դեպքում աղջիկ երեխաներն ավելի սրտացավ ու հոգատար են ծնողների նկատմամբ: «Տղա էլ կա, որ չի կարողանում լուծել առաջացած խնդիրները: Ասենք, այդ տղան արդեն երկու երեխա ունի, ու սկսվել են ընտանեկան պրոբլեմները, ծնողի կողմն անցնի՝ չի լինի, կնոջ կողմն էլ անցավ՝ ծնողը պետք է նեղվի: Ստեղծես, մեծացնես, տուն ու տեղ դնես, փոխարենը հանդիպես անուշադրության, անպատիվ խոսքեր լսես: Հենց այստեղ էլ սկսում ես ելքը փնտրել՝ կամ գնաս աղջկա տուն, կամ վարձով ապրես, նման բաներ կան կյանքում»,-պատմում է Հարութ Մկրտչյանը: 2015 թվականին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը իրականացրել է հետազոտություն Գյումրի քաղաքի, Երևանի թիվ մեկ և Նորքի տարեցների տուն-ինտերնատների խնամյալների շրջանում, պարզելու թե նրանցից քանիսն ունեն երեխաներ, և եթե ունեն՝ ապա քանիսն են աղջիկ, քանիսը` տղա: Ըստ հետազոտության արդյունքների, վերը նշած երեք կազմակերպություններում բնակվող 623 տարեցներից 284-ը չունեն երեխաներ: Բոլոր հարցվածները միասին ունեն 365 տղա երեխա, և նրանց 61 տոկոսը չի այցելում ծնողներին: Մանրամասներն՝ [url=https://jam-news.net/?p=5350&lang=hy]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր