211652_close_icon
views-count107109 դիտում article-date 09:23 15-08-2017

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Ֆանտան գյուղում կասկածելի իրի պայթյունի հետևանքով 59-ամյա տղամարդ է մահացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանտան գյուղում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանի գլխավորությամբ։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի, Չարենցավանի քննչական բաժնի պետ Արման Զարգարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Իսկանդարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները գյուղի գլխավոր փողոցի խաչմերուկում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ՝ 59-ամյա Հրաչիկ Ալթունյանի դին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղ է ժամանել նաև ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի /6-րդ/ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Ալիկ Մարգարյանը։ Տեղում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Իսկանդարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում դեպքին ականատեսներն ասում էին, որ մահացածն իր 2 համագյուղացիների հետ, որոնցից մեկը գյուղի զինղեկն է, ինչ-որ կասկածելի իր են գտել, այնուհետև ընկերներից մեկը նետել է այդ իրը, ու մի քայլ քանի հեռանալուց Հ. Ալթունյանը հետ է դարձել և այդ կասկածելի իրը վերցրել է։ Այնուհետև իրի վրա տեղադրված ինչ-որ բան է պտտացրել, ինչն էլ առաջացրել է պայթյուն։ Երևանից ժամանել են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ վարչության պետ Լորիկ Սաֆարյանի գլխավորությամբ։ Այս պահին փորձաքրեագետները նույնպես դեպքի վայրի զննություն են կատարում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր