211652_close_icon
views-count4274 դիտում article-date 11:05 23-07-2017

Պաղեստինը սառեցնում է հարաբերությունները Իսրայելի հետ

Պաղեստինի իշխանությունները հայտարարել են բոլոր մակարդակներում Իսրայելի հետ կապերը սառեցնելու մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը` ուրբաթ երեկոյան կայացած խորհրդակցության ավարտին. հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-40690073]BBC[/url]-ին: Այս հայտարարության առիթ է հանդիսացել Երուսաղեմում Տաճարի լեռան վրա գտնվող մահմեդականների սրբավայր Ալ-Աքսա մզկիթի մերձակայքում ծավալված բախումները, որոնց ընթացքում իսրայելցի զինվորականները երեք պաղեստինցի ցուցարար էին սպանել: Ուրբաթ երեկոյան հայտնի է դարձել նաև, որ Հորդանան գետի ափին հրեական բնակավայրում հարձակում է տեղի ունեցել հրա բնակիչների վրա: Դանակով զինված պաղեստինցին սպանել է երկու տղամարդու և մեկ կնոջ, ևս մեկ կին տեղափոխվել է հիվանդանոց: Մահմուդ Աբասը հեռուստաելույթում նշել է, որ Իսրայելի հետ պաշտոնական շփումները կդադարեցվեն այնքան ժամանակ, մինչև չհեռացվեն Հին քաղաքում Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի մուտքի մոտ դրված մետաղորսիչ արգելանքները: Իսրայելը մետաղորսիչ զննման կետի տեղակայումը հիմնավորում էր անվտանգության նկատառումներով, քանի որ անցած շաբաթ մի քանի իսրայելցի արաբներ զինված հարձակում էին գործել իսրայելցի իրավապահների վրա, սպանելով նրանցից երկուսին: Շաբաթ օրը շարունակվել են պաղեստինցիների և իսրայելի անվտանգության ուժերի միջև բախումները, որոնց ընթացքում զոհվել է ևս 2 պաղեստինցի: Դրանից հետո Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են վերանայել Տաճարի լեռան վրա Ալ-Աքսա մզկիթի մոտ անվտանգության ապահովման միջոցները: Իսրայելի գեներալ-մայոր Յոհավ Մորդեխայը մահմեդական աշխարհին կոչ է արել այս հարցի վերաբերյալ այլընտրանքային առաջարկներ ներկայացնել:

Նմանատիպ նյութեր