211652_close_icon
views-count17475 դիտում article-date 23:10 19-07-2017

Արարատյան թեմի երիտասարդաց միությունները հուլիսի 22-ին կազմակերպում են Վարդավառի տոնախմբություն

Հուլիսի 22-ին շաբաթ օրը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Արարատյան թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են Վարդավառի տոնախմբություն: Ժամը 18-ին մասնակիցները ազգային երգ ու պարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց երթով կքայլեն դեպի Մանկական զբոսայգի: Այգում կներկայացվեն տոնի ժողովրդական սովորույթները, կցուցադրվի ներկայացում՝ Ջրհեղեղի և Նոյի ընտանիքի՝ տապանից դուրս գալու մասին: Կբեմադրվեն խնդումին և պուռմատիկինին նվիրված ծիսական դրվագները, ցորենի հասկերից խաչբուռ կպատրաստեն: Երիտասարդները խնձոր կխորովեն և կբաժանեն ներկաներին: Միջոցառումը կավարտվի խորհրդանշական ջրախաղով և աղավնիներ բաց թողնելով: Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդները, «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո, ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` ավելի մեծ ժողովրդականություն հաղորդելով դրանց, վերարթնացնելով ժողովրդական գեղեցիկ սովորությունները:

Նմանատիպ նյութեր