211652_close_icon
views-count1573 դիտում article-date 15:37 19-08-2015

Տեղի ունեցավ Գուգարաց թեմի երիտասարդաց միությունների ներկայացուցիչների 4-րդ հավաքը. լուսանկարներ

Օրերս Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում, օրհնությամբ և առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, կայացավ թեմի եկեղեցասեր երիտասարդաց միությունների հոգևոր-երիտասարդական չորրորդ ճամբարը: «Հիշիր քո Արարչին քո երիտասարդության օրերին» աստվածաշնչյան պատգամը որպես խորագիր կրող արդեն ավանդական հավաքն այս անգամ իր շուրջն էր համախմբել թեմի արդեն 13 երիտասարդաց միությունների ներկայացուցիչներին: Նախորդ տարի թեմում կար 10 երիտասարդաց միություն, այսօր եկեղեցուն ծառայելու առաքելությանն են լծվել նաև Մեծ Պարնիի, Դսեղի և Մեծավանի նոր ձևավորված երիտասարդաց միությունները: Եռօրյա ճամբարային օրակարգը հագեցած էր. տեղի ունեցան հանդիպումներ հոգևորականների և թեմակալ առաջնորդի հետ, համատեղ աղոթք, քննարկումներ` երիտասարդաց միությունների գործունեության առնչությամբ, փորձի փոխանակում միությունների միջև, խորհրդատվություններ նորաստեղծ միություններին, քննարկումներ միություններում առկա խնդիրների շուրջ, միջհամայնքային և համաթեմական առաջիկա մեկտարյա ծրագրերի մշակում և հաստատում: Ըստ երիտասարդաց միությունների իրականացրած ակտիվ գործունեության` տարվա լավագույն երիտասարդաց միություն ճանաչվեց և դրամական պարգև հանձնվեց Վարդաբլուրում և շրջակա 9 համայնքներում գործունեություն ծավալող «Հնեվանք» երիտասարդաց միությանը, որ գործում է տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Մերուժան քահանա Սողոյանի հոգևոր պատասխանատվությամբ: Որպես խրախուսանք դրամական պարգև ստացավ նաև Շամլուղի երիտասարդաց միությունը, որ համայնքում եկեղեցու բացակայության պայմաններում անգամ, այցելու հոգևոր հովիվ տեր Վիգեն քահանա Ղազարյանի հետ լայն գործունեություն է ծավալում տարածաշրջանում: Երիտասարդ ճամբարականները վերջին օրը Վանաձորի Սբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցին Սբ Աստվածածնի Վերափոխման տոնի Սբ Պատարագին և ապա ստանալով Սրբազան Հոր օրհնությունը և քաջալերանքը` վերադարձան համայքներ` առաջիկայում ի փառս եկեղեցու և իրենց համայնքների` առավել ակտիվ գործունեություն ծավալելու նպատակով: [b]Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց Թեմի երիտասարդական կազմակերպություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր