211652_close_icon
views-count9217 դիտում article-date 23:09 27-06-2017

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը հանդիպել է Օդեսայի քաղաքապետին

Հունիսի 26-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը հանդիպեց Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ տեղական մակարդակով հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու ժողովուրդների միջև կապերի սերտացմանը և ամրապնդմանը: Արձանագրելով Երևանի և Օդեսայի՝ քույր քաղաքներ լինելու փաստը՝ Հայկ Ղուլյանն ընդգծեց առևտրատնտեսական, մշակութային, տուրիզմի և այլ ոլորտներում հարաբերությունների զարգացման կարևորությունը: Օդեսայի քաղաքապետը, իր հերթին շնորհակալություն հայտնելով գլխավոր հյուպատոսին հանդիպման համար, բարձր գնահատեց Ուկրաինայի ներքին կյանքի տարբեր ոլորտներում հայերի ունեցած դերն ու գործունեությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հնարավոր համատեղ միջոցառումներ կազմակերպելու հարցին: Մասնավորապես, քննարկվեց Հայաստանի Անկախության օրվա առթիվ Օդեսայում «Հայկական շաբաթ» հայտարարելու հնարավորությունը, որի շրջանակներում կկազմակերպվի «Հայկական շուկա»՝ հայ արտադրողների արտադրանքը և ապրանքատեսակները ներկայացնելու հնարավորությամբ: Անդրադարձ կատարվեց նաև քույր քաղաքների քաղաքապետերի մակարդակով փոխադարձ այցերի կազմակերպման հարցին, և այս համատեքստում Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսն առաջարկեց Գենադի Տրուխանովին այցելել Երևան: Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսի և Օդեսայի քաղաքապետի միջև տեղի ունեցավ հուշանվերների փոխանակում:

Նմանատիպ նյութեր