211652_close_icon
views-count47078 դիտում article-date 13:41 19-05-2017

Արտակարգ դեպք Երևանում. «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնից 38-ամյա երիտասարդը դանակահարված տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Պետրոսյանի գլխավորությամբ։ Պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի Նորքի այգիներ փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Պառավյանն է, ով նշված վայր է տեղափոխվել «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից դանակահարվելու հետևանքով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկանության ծառայողներին հայտնել են, որ Ա. Պառավյանը ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ա. Պառավյանը դանակահարվել է նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում, «ԱՅՖԻՔՍ» հեռախոսների վերանորոգման կենտրոնում, որը գտնվում է Հանրապետության փողոց 58 հասցեում, վիճաբանության ժամանակ և նրան դանակահարելու կասկածանքով որոնվում է Երևան քաղաքի Երվանդ Քոչար փողոցի 21 շենքի բնակիչ՝ 34-ամյա Գարուշ Մանուկյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր