211652_close_icon
views-count2600 դիտում article-date 19:53 18-05-2017

Թանգարանների միջազգային օրվա առիթով Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում կազմակերպվել են թեմատիկ ցուցահանդեսներ

Թանգարանների միջազգային օրվա առիթով, ըստ ավանդույթի, Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում կազմակերպվել են թեմատիկ ցուցահանդեսներ: Այս տարի ցուցահանդեսներն անցկացվել են «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին՝ թանգարանում» ընդհանուր խորագրի ներքո և թանգարաններ մուտքն էլ եղել է ազատ ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ Երևանի հյուրերի համար: Թանգարանների միջազգային օրվան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացել է «Վան. կորուսյալ մայրաքաղաք» խորագիրը կրող ցուցահանդեսով, որի շրջանակում ներկայացվել են Վանին և Վան քաղաքի շրջակա տարածքներին վերաբերող այնպիսի դրվագներ, որոնց մեծամասամբ տեղեկացված են գիտական շրջանակները և այժմ դրանք ներկայացվում են նաև լայն հանրությանը: Ժամանակակից արվեստի թանգարանն էլ օրվա առիթով կազմակերպել է «Դարի գծեր» խորագրով ցուցահանդեսը: Այստեղ ներկայացվել են Նորվեգիայում բնակվող մի ընտանիքից երեք արվեստագետների գրաֆիկական աշխատանքներ: Կարեն Դեմիրճյանի թանգարանն էլ այցելուներին ներկայացել է «ԽՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագիրը կրող ցուցահանդեսով: Ավելի քան 30-ամյա իրերի շնորհիվ այստեղ վերարտադրվել է խորհրդային ժամանակների մթնոլորտը, ցուցասրահում գտնվող հնաոճ հեռուստացույցով էլ ցուցադրվել են ԽՍՀՄ տարիների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր: Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրվա առիթով անվճար է եղել ոչ միայն վերոնշյալ ցուցահանդեսների, այլև թանգարանների հիմնական ցուցասրահների մուտքը:

Նմանատիպ նյութեր