211652_close_icon
views-count10960 դիտում article-date 22:57 20-05-2017

«Թանգարանների գիշեր»-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում

«Թանգարանների գիշեր»-ը, հերթական անգամ, մարդաշատ և աշխույժ է եղել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող թանգարաններում: Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) առաջարկով «Թանգարանների գիշեր» ծրագիրն այս տարի կրել է «Ցավոտ պատմություններ, դժվար պատմելին թանգարաններում» խորագիրը: Ըստ այդմ, մասնավորապես Երևան քաղաքի պատմության թանգարանում ընթերցվել են Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում ռազմի դաշտից ուղարկված, ինչպես նաև 1950-ական թվականներին աքսորավայրից ուղարկված նամակներ: Հատկանշական է, որ այցելուները նույնպես հնարավորություն են ունեցել ընթերցելու, պատմելու և գրի առելու իրենց պատմությունները: Հարկ է նշել, որ մինչ այդ, ծրագրի շրջանակում, թանգարանը հյուրընկալել է նաև ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, սիրված երգահան Տիգրան Մանսուրյանին: Թանգարանային գիշերվա այս տարվա խորագրի համատեքստում մաեստրոն ներկայացրել է Արևմտյան Հայաստանում 20-րդ դարասկզբի հայերի ջարդից մազապուրծ իր ընտանիքի պատմությունը: Բավական հագեցած էր նաև «Էրեբունի» արգելոց-թանգարանի միջոցառումների ծրագիրը: Այստեղ այցելուներին ծանոթացրել են «Վան. Կորուսյալ մայրաքաղաք» ցուցահանդեսի նմուշներին, ներկայացրել պատմական մայրաքաղաքի պատմությունը: Ավելի ուշ թանգարանի դիմացի հարթակում կազմակերպվել է հետաքրքիր ֆլեշ-մոբ՝ Վանի ազգային տարազների ցուցադրությամբ: Բայցօթյա համերգային ծրագրով հանդես է եկել «Ոստան» ազգագրական երգի-պարի համույթը: Արգելոց-թանգարանի պերգոլաներով բացօթյա սրահում այցելուները հնարավորություն են ունեցել նաև ունկնդրել Վանի հնագիտական ժառանգության թեմայով դասախոսություններ: Արգելոց-թանգարանի այցելուներին հնարավորություն է ընձեռված նաև մինչև կեսգիշեր զբոսնել Էրեբունի միջնաբերդում: Ժամանակակից արվեստի թանգարանում ավելի վաղ էին մեկնարկել «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում նախատեսված միջոցառումները: Այստեղ կազմակերպվել էր Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանի հիմնադիր-տնօրեն Զավեն Սարգսյանի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակում ներկայացվել է արվեստագետի 40-ամյա գործունեությունը: Ավելի ուշ, թանգարանի այցելուները հնարավորություն ունեցան դառնալու Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ կազմակերպված հետաքրքիր ցուցադրության ականատեսը: Երևանի քաղաքապետարանի «Կարեն Դեմիրճյան» թանգարանում էլ, հիմնական ցուցադրությունից բացի, այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաև «ՍՍՀՄ-ի մասին պատմում են թանգարանային առարկաները» խորագրով ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներին: Նշենք, որ մինչև կեսգիշեր բաց է լինելու նաև Ֆրիտյոֆ Նանսենի անվան թանգարանը: Հիշեցնենք, որ «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկարկել է 2005 թվականին՝ ԻԿՕՄ-ի, ՅՈւՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ, որի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում:

Նմանատիպ նյութեր