211652_close_icon
views-count10392 դիտում article-date 23:18 28-03-2017

Արևային վառարանները սկսել են կիրառվել 20-րդ դարի սկզբներից․ հետաքրքիր տեղեկություններ

Արևային վառարանը արևի լույսի էներգիայով աշխատող հարմարանք է կերակուր պատրաստելու նպատակով: Վառարանում չի կիրառվում որևէ այլ վառելիք կամ էլեկտրաէներգիա: Նման սկզբունքով աշխատող սարքերը չորային վայրերում երբեմն կիրառում են ջրի աղազրկման համար։ Արևային խոհանոցները կիրառվում են 20-րդ դարի սկզբներից: Այսպես, 1920 -ական թվականներին արևային խոհանոց է գործել Մաունթ Վիլսոնի աստղադիտարանում։ Հասարակ արևային վառարանը հատուկ ձևով պտտած ստվարաթուղթ է` ծածկված նրբաթիթեղով: Նրբաթիթեղն անդրադարձնում է արևի լույսը` այն կենտրոնացնելով սովորական մետաղական սև կերակրաթասի վրա, որը փակված է ապակե կափարիչով և փաթաթված թափանցիկ պլաստիկե տոպրակով ջերմության կորուստը փոքրացնելու համար: Գոյություն ունեն արևային վառարանների ավելի կատարելագործված տեսակներ` մետաղական արտացոլիչներով: Financial Times ամսագրի կազմակերպած էկոլոգիապես էժան բիզնես-ծրագրերի «Կլիմայի փոփոխության մարտահրավեր» մրցույթում նորվեգացի գյուտարար Յոն Բոմերի (Jon Bohmer) նախագծած «Կիոտո բոքս» արևային վառարանը` պատրաստված ստվարաթղթից, ստացել է առաջին մրցանակ և 75.000 դոլար դրամական պարգև գյուտը տարածելու համար։ «Արևային վառարան» բառակապակցությունը կիրառվում է նաև հալման ու տարբեր նյութերի ջերմամշակման համար նախատեսված առավել բարդ կառուցվածք ունեցող հելիոսարքավորումները մատնանշելու համար: Նման արևային վառարաններն առանձնանում են բարձր արժեքով և կիրառվում են այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում ստեղծել հալման ու ջերմամշակման հատուկ ստերիլ պայմաններ, երբ կբացառվի որևէ այլ մասնիկի թափանցումը մշակվող նյութի մոտ: Աշխարհում խոշորագույն նմանատիպ արևային վառարանը գործում է Ֆոն Ռոմյո Օդեյոյում (Ֆրանսիա): Նրա հայելու տրամագիծը 54 մ է, հզորությունը` 1 մՎտ: Նախկին ԽՍՀՄ-ի տարածքում արևային ամենամեծ վառարանը գտնվել է Ուզբեկստանում` Պարկենտ քաղաքից 6 կմ հեռավորության վրա: «Արև» հելիոհամակարգը ստեղծվել է 1981 թվականին: Նրա հայելու տրամագիծը 47 մ է, հզորությունը` 1.000 կՎտ։ ՄԱԿ-ի` փախստականների հարցով կոմիսարը փոխստականների Իրիդիմի ճամբարում խրախուսել է ստվարաթղթից ու նրբաթիթեղից պատրաստված արևային վառարանների կիրառումը սննդի պատրաստման նպատակով: Ճամբարում ապաստանել էր 18.000 մարդ, ովքեր ստիպված լքել էին Սուդանի Դարֆուր նահանգը: Ճամբարի շրջանում չկային էներգակիրներ: ՄԱԿ-ի ծրագրով փախստականներին բաժանվել է մոտ 15.000 արևային վառարան սնունդ պատրաստելու համար:

Նմանատիպ նյութեր