211652_close_icon
views-count2012 դիտում article-date 10:22 15-03-2017

Ինչ կխոստանայի կամ չէի խոստանա, եթե ԱԺ պատգամավորության թեկնածու լինեի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ես երբեք չեմ դառնա ԱԺ պատգամավոր, որովհետև նման ցանկություն երբևէ չեմ ունեցել և չեմ ունենալու։ Բայց եկեք «մտափորձ» անենք և ենթադրենք, որ կցանկանայի առաջադրել իմ թեկնածությունը։ Մտածում եմ՝ ինչ կխոստանայի այդ դեպքում։ Սկսեմ այն բաներից, որոնք չեմ խոստանա՝ թոշակների, աշխատավարձերի բարձրացում, «Նաիրիտի», «Քիմպրոմի» և այլ նմանատիպ գործարանների վերագործարկում, անվճար բժշկության և բարձրագույն կրթության, արագաչափերի վերացում, աշխատատեղերի բացում, գազի-լույսի գնի էժանացում, բանկերի վարկերը դարձնել 3 տոկոս ես չէի խոստանա։ Այդ խոստումների մի մասը կամ ուտոպիա է, կամ պոպուլիզմ, մյուսը՝ տնտեսական ցուցանիշների հետ կապված, իհարկե, սկզբունքորեն հնարավոր է իրականացնել։ Բայց տնտեսական վիճակը հետևանք է, ոչ թե պատճառ։ Իսկ պատճառը մենք ենք, մենք բոլորս, և շատ-շատ բան է կախված նրանցից, ովքեր ապրիլի 2-ից հետո պատգամավոր են դառնալու։ Եվ, հետևաբար, իմ նախընտրական խոստումները, եթե դրանք լինեին, կառնչվեին միայն իմ անձի հետ։ Ես նախ՝ փաստաթղթեր կներկայացնեի, թե ինչպես եմ ապառիկով գնել իմ տունն ու մեքենան, և կխոստանայի, որ դրանք 5 տարում չեն փոխվի, տունը ոչ մի սանտիմետր չի մեծանա, իմ իրերն ավելի ճոխ, ավելի «բրենդային» չեն դառնա։ Ես կխոստանայի, որ ոչ գաղտնի, ոչ էլ բացահայտ ոչ մի լրատվամիջոց չեմ պահի («Առավոտից» էլ, բնականաբար, կհրաժարվեի) և թույլ չեմ տա, որ որևէ թերթ, կայք կամ հեռուստատեսություն դառնա իմ քարոզչամիջոցը։ Ես կխոստանայի պատգամավորությանը զուգահեռ չզբաղվել որևէ գործով՝ բացի դասախոսական և գիտական աշխատանքից։ Կխոստանայի առանց հարգելի պատճառի չբացակայել Ազգային ժողովի որևէ նիստից... ...Այդ ամենը ես իրականում չեմ խոստանում, որովհետև չեմ պատրաստվում պատգամավոր դառնալ։ Իսկ չեմ պատրաստվում, քանի որ ամեն մեկն իր գործով պետք է զբաղվի։ Իմ գործն ինձ շատ է դուր գալիս»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր