211652_close_icon
views-count6917 դիտում article-date 23:43 14-02-2017

Հիշե՜ք լեյտենանտ Շմիդտին, որը մեռնում է ժողովրդի համար և ձեզ համար՝ իմ եղբայրներ

«Ազատությունն օդի պես անհրաժեշտ է մարդուն»: Այսպես էր ասում ռուսական նավատորմի պաշտոնաթող լեյտենանտ Պյոտր Շմիդտը, որն անտարբեր չէր Ռուսաստանում 1905-ին տեղի ունեցող իրադարձություններին: Նա հանրահավաքներին մասնակցող միակ սպան էր, և հաճախ ելույթ էր ունենում ցարական ինքնակալության դեմ: Շմիդտը սկզբում սահմանադրական ճանապարհով քաղաքական փոփոխությունների կողմակից էր: 1905թ օգոստոսի 6-ին, ընդառաջ գնալով ցուցարարների խնդրագրերին, ցարական հրամանագրով ձևավորվեց կառավարությանը կից խորհրդակցական մարմին՝ «Բուլգինի Դումա», որը, սակայն ոչ մի իրավասություն չուներ: Բուլգինի դուման մերժվեց սոցիալդեմոկրատների կողմից: Այս առիթով Շմիդտը գրեց. «Բուլգինի հրամանագրից հետո խնդրագրերի հետ կապված հույսը մարեց, խաղաղ պայքարի ուղին փակուղի մտավ»: 1905-ի հոկտեմբեր 17-ին ցարը հրապարակեց մանիֆեստ, որտեղ ժողովրդին խոստացավ քաղաքացիական հիմնարար և անքակտելի իրավունքներ՝ անձի անձեռնմխելիություն, խոսքի, խղճի, հավաքների, միությունների ազատություններ, ինչպես նաև՝ խոստացավ գումարել Սահմանադիր ժողով: Մանիֆեստի մասին Սևաստոպոլում հայտնի դարձավ հոկտեմբերի 18-ին: Նույն օրը երեկոյան մարդկանց հսկայական բազմություն հավաքվեց Սևաստոպոլի բանտի մոտ՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին: Շմիդտը ցույցի կազմակերպիչների շարքում էր: Հանրահավաքի անունից նա բանակցություն վարեց բանտի ղեկավարության հետ, որոնք խոստացան կես ժամ անց ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: [img]http://shamshyan.com/ups/images/0844165001487096372914637.jpg[/img] Լեյտենանտ Շմիդտը, հայրը, կինը, որդին Ամբոխը, հավատալով բանտի ղեկավարության խոսքին, խաղաղ սպասում էր: Հանկարծ բանտի դռները բացվեցին, դուրս եկան մի քանի տասնյակ հրացանավորներ և միասնական համազարկ արձակեցին ցուցարարների վրա: Արդյունքում եղան զոհեր և վիրավորներ: [img]http://shamshyan.com/ups/images/0001885001487096402397067.jpg[/img] Սևաստոպոլի բանտը ներկայում վերածվել է առևտրի կենտրոնի Բանտի մոտ զոհված ցուցարարների հուղարկավորությունը երկու օր անց վերածվեց հուժկու ցույցի: Ամբոխը, փողային նվագախմբերի ուղեկցությամբ, երթով անցնելով քաղաքի փողոցներով, հոսում էր գերեզմանոց: Երբ դիակներն իջեցվեցին հողի մեջ, գերեզմանին մոտեցավ Շմիդտը: Տիրեց մեռելային լռություն: Ցածր, բայց հավատով լի ձայնով նա սկսեց. [img]http://shamshyan.com/ups/images/0268233001487096415587210.jpg[/img] Լեյտենանտ Շմիդտ «Գերեզմանին ընդունված է միայն աղոթք ասել, սակայն աղոթքից բացի ընդունված են նաև սիրո և սուրբ երդման խոսքեր, որոնք ուզում եմ ասել այստեղ ձեզ հետ միասին: Քաղաքացիական ազատությունների մասին հրամանագիրն ուրախությամբ լցրել էր հանգուցյալների հոգիները, և նրանք մղվեցին այդ ավետիսը փոխանցել կալանավորներին: Նրանք խնդրեցին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Եվ դրա համար... սպանվեցին: Նրանք ցանկանում էին փոխանցել մյուսներին կյանքի բարձրագույն շնորհը՝ ազատությունը, սակայն այդ ընթացքում զրկվեցին կյանքից: Ահավոր, չտեսնված հանցագործություն: Վիթխարի, անամոքելի վիշտ: Այժմ նրանց հոգիները նայում են մեզ և անձայն հարցնում. «Արդյոք ինչպե՞ս կվարվեք այդ շնորհի հետ, որից զրկվեցինք առհավետ, ինչպե՞ս կօգտագործեք ազատությունը, կարո՞ղ եք արդյոք խոստանալ մեզ, որ մենք ամենաթողության վերջին զոհը կլինենք»: Եվ մենք պարտավոր ենք հանդարտացնել հանգուցյալների հոգիները, պարտավոր ենք այդ մասին երդվել»: [img]http://shamshyan.com/ups/images/0070924001487096426791784.jpg[/img] Շմիդտի երդումը զոհված ցուցարարների թաղման ժամանակ Շմիդտը հայացք նետեց հավաքված տասնյակ հազարավոր մարդկանց վրա, կարծես հարցնելով. «Ո՞վ է ինձ հետ»: Մարդկանց լարված ուշադրությունը սևեռվեց նրա վրա: «Երդվում ենք նրա՜նց»,- զրնգաց Շմիդտի խռպոտ ձայնը,- «որ երբեք ոչ ոքի ոչ մի թիզ չենք զիջի մեր կողմից նվաճված քաղաքացիական իրավունքներից: Երդվում եմ»: «Երդվո՜ւմ եմ»,- նրա հետևից թնդաց բազմահազար ժողովրդի ձայնը: «Երդվում ենք նրանց, որ այդ գործին կնվիրվենք ամբողջ ջանքով, ամբողջ հոգով, և կյանք կդնենք մեր ազատություններն ու իրավունքները պաշտպանելու համար: Երդվում ենք, որ նրանց գործն ավարտին կհասցնենք և ի վերջո ձեռք կբերենք համընդհանուր ընտրական և հավասար իրավունք բոլորի համար: Երդվո՜ւմ եմ»: Եվ հավաքված ամբոխը, ամբողջովին ենթարկվելով նրան, թնդցրեց. «Երդվո՜ւմ եմ»: «Երդվում ենք, որ եթե մեզ չտրամադրվի համընդհանուր ընտրական իրավունք, մենք կրկին կհայտարարենք համառուսական գործադուլ: Երդվում եմ»: «Երդվում եմ»,- որոտաց ամբոխը: Այս դամբանական ելույթը ցնցող տպավորություն թողեց ներկաների վրա: Հաջորդ օրը այն «Շմիդտի երդումը» վերնագրով տպագրվեց հեղափոխական թերթերում, իսկ Շմիդտի անունը հայտնի դարձավ ամբողջ երկրում: [img]http://shamshyan.com/ups/images/0887021001487096442258896.jpg[/img] Շմիդտը ծառայության ժամանակ Հաջորդ օրը երեկոյան լեյտենանտ Շմիդտը կալանավորվեց: Իսկ մի քանի օր անց բանվորները Շմիդտին ընտրեցին Սևաստոպոլի բանվորների պատգամավորների խորհրդի անդամ՝ ցմահ: «Նրանք երբեք չեն զղջա, որ ընտրեցին ինձ պատգամավոր. Օ՜, ես կկարողանամ մեռնել նրանց համար»,- ի պատասխան գրեց Շմիդտը: Այս ընտրությունից հետո ցարական կառավարությունը ստիպված ազատ արձակեց Շմիդտին: Ազատվելուց հետո նրա հեռագիրը տպագրվեց հեղափոխական թերթերում. «Շնորհակալություն, ընկերներ, ես կրկին ձեր փառավոր շարքերում եմ»: [img]http://shamshyan.com/ups/images/0987917001487096454669646.jpg[/img] 1905 նոյեմբերի 11-ին հերթական հանրահավաքից հետո ապստամբություն բռնկվեց Սևաստոպոլ քաղաքի կայազորում և նավահանգստում կայանած ռազմանավերում: Ընդհանուր թվով ապստամբեցին 12 նավ: «Օչակով» հածանավը գրավեց լեյտենանտ Շմիդտը: Իսկ նոյեմբերի 15-ին նա ստանձնեց հեղափոխական նավատորմի հրամանատարությունը: Նույն օրը Շմիդտը հեռագիր հղեց Նիկոլայ 2-րդին. «Փառավոր Սևծովյան նավատորմը, սրբորեն պահպանելով հավատարմությունը ժողովրդին, պահանջում է Ձեզնից, Տիրակալ, անհապաղ գումարել Սահմանադիր ժողով և չի ենթարկվում ձեր նախարարներին: Նավատորմի հրամանատար լեյտենանտ Պ. Շմիդտ»: [img]http://shamshyan.com/ups/images/0015510001487096466929101.jpg[/img] «Օչակով» հածանավի անձնակազմը Ի պատասխան, ցարը հրամայում է ճնշել ապստամբությունը: Սևաստոպոլ են բերվում բանակային զորամասեր: Քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվում: Զինվորները գրավում են բոլոր փողոցները: Ցերեկը ժամը 3-ին բանակը սկսում է հակաապստամբական գործողությունը՝ ափից հրանոթներով գնադակոծում է ապստամբների նավերը: Մի քանի համազարկից հետո բոլոր նավերը սպիտակ դրոշներ են բարձրացնում: Չի հանձնվում միայն «Օչակովը»: [img]http://shamshyan.com/ups/images/0665414001487096504828666.jpg[/img] «Օչակով» հածանավը Շմիդտը, մինչև վերջին պահը մնում է «Օչակովի» վրա: Նրա 16-ամյա որդին՝ Ժենյան (Եվգենի Շմիդտ) նրա հետ էր: Եվ երբ նավը այրվում է բոլոր կողմերից, նրանք նետվում են ծովը: Զինվորները Շմիդտին և նրա որդուն ձերբակալում են և կապում «Ռոստիսլավ» նավի տախտակամածի վրա: Շմիդտը վիրավորվել էր ոտքից: Գիշերը հայր ու որդի մերկ պառկած, կապկպված անցկացնում են «Ռոստիսլավի» տախտակամածին, իսկ ցարական նավաստիները ծաղրում են նրանց: Հետաքննությունն անցկացվում է արագ տեմպով: Շմիդտի քույրը, դատախազության դրդմամբ, պահանջում է դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել Շմիդտին, հուսալով՝ այդկերպ ազատել նրան: Սակայն Շմիդտը կտրուկ հրաժարվում է հոգեբուժական զննությունից, վրդովված հայտարարելով. «Եթե ես աննորմալ եմ, ապա աննորմալ են Ռուսաստանի բոլոր բնակիչները: Եթե ես այժմ ազատ արձակվեմ, ապա նույն հանգամանքներում նույնը կանեմ»: [img]http://shamshyan.com/ups/images/0103731001487096528179362.jpg[/img] Շմիդտին ուղեկցում են դատարան Ժենյան 40 օր բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվում, իսկ լեյտենանտ Շմիտդը և մոտ 100 այլ ապստամբներ կանգնում են դատարանի առաջ: Դատավարությունը սկսվում է փետրվարի 7-ին: Շմիդտը դատարանին խնդրում է, որ մյուս ամբաստանյալների մեղադրանքները մեղմեն և դատեն միայն իրեն. «Դե, հավատացե՜ք պարոնայք դատավորներ, որ նրանցից ոչ մեկը չի կարող ինձ հետ հավասարապես պատժվել: Չեմ հայցում ձեր ներողամտությունը: Մեծ և անսահման է ձեր իշխանությունը, բայց երկչոտչություն չունեմ, և չի ընկճվում իմ հոգին, երբ լսում եմ ձեր մեղադրանքները: Առանց տրտունջի և բողոքի կընդունեմ մահը, սակայն ինձ մեղավոր չեմ համարում»: [img]http://shamshyan.com/ups/images/0784568001487096547177708.jpg[/img] Ձախից աջ՝ Շմիդտ, Չաստնիկ, Անտոնենկո, Գլադկով Փետրվարի 18-ին ընթերցվեց դատավճիռը: Շմիդտը, Չաստնիկը, Գլադկովը, Անտոնենկոն դատապարտվեցին մահվան, մյուսները տարբեր ժամկետներով ազատազրկման և աքսորի: «Այս դատավճիը սպասելի էր»,- հանգիստ ասաց Շմիդտը: Հաջորդ օրը նա որդուն հեռագրեց. «Որդյակս, սիրելիս, խիզախ եղիր: Ես հանգիստ եմ ու երջանիկ: Ընդունված դատավճիռն ընդունել եմ ու պինդ կմնամ մինչև վերջ: Ամուր գրկում եմ: Քո ընկեր-հայրիկ»: [img]http://shamshyan.com/ups/images/0884093001487096579516158.jpg[/img] Շմիդտը որդու հետ 1906թ. մարտի 6-ին (նոր տոմարով 19-ին) գիշերը ժամը 3-ին, նրա խուց են մտնում պահակները և հայտնում. «Պատրաստվելու ժամանակն է»: Մահապատժի դատապարտվածներին դուրս են բերում բանտի հետնամուտքից և տանում Բերեզան կղզի: Գիշերը կղզի են բերվում զորքեր: Այստեղ էին «Պրուտ» նավի հրամանատարը, սպաներ, ժանդարմերիայի մի կապիտան, մի քահանա, չորս սյուն էր կանգնեցված, չորս փոս փորված, չորս դագաղ և բահեր... Մահապատիժն իրականացնող ջոկատը, բաղկացած «Տերեց» հրետանավի 60 նավաստիներից, շարված էր մահապատժի սյուներից 50 մետր հեռավորության վրա: Նրանց հետևում կանգնեցրել էին 3 դասակ ժանդարմներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Լուսաբացին բերեցին բանտարկյալներին: Նրանք հանգիստ մոտեցան մահապատժի սյուներին: Շմիդտը ոգևորում էր ընկերներին: Նա հրաժեշտ տվեց ընկերներին և առաջինը մոտեցավ սյանը: Նրան հետևեցին մյուսները: Շմիդտի խնդրեց, որ իրեն պարանով չկապեն սյանը և շորով չկապեն աչքերը: Վերջին րոպեին Շմիդտը դիմեց զինվորներին. «Հիշե՛ք Շմիդտին, որը մեռնում է ռուս ժողովրդի համար, հայրենիքի, ձեզ համար՝ իմ եղբայրներ: Ինձ նմանները շատ են, բայց էլի կշատանան»: Այնուհետև դիմեց ծանոթ սպային. «Միշա, հրաձիգներին պատվիրիր՝ նշան բռնել ուղիղ սրտիս»: Շմիդտն առանց գլխարկ էր, միայն ներքնազգեստով, բաց դեմքով, գլուխը բարձր պահած: Թմբուկները դմդմբացին: Մեկ րոպե անց նավաստիները վերցրին հրացանները, նշան բռնեցին: 10 համազարկեր որոտացին. [img]http://shamshyan.com/ups/images/0300968001487096764936445.jpg[/img] Բերեզան կղզում Շմիդտի հիշատակին կանգնեցված հուշասյուն Շմիդտն ընկավ մեջքի վրա: Գլադկովը մահացավ սյանը կապված, իսկ Անտոնենկոյի և Չաստնիկի կապերը կտրվեցին, նրանք տապալվեցին գետնին և հոգեվարքի մեջ ընկան: Դահիճները ստիպված ևս երկու կրակոց արձակեցին: Նրանց թաղեցին տեղում, սակայն 1917թ մայիսին նրանց աճյունները վերաթաղեցին Սևաստոպոլում: [img]http://shamshyan.com/ups/images/0032059001487096855305063.jpg[/img] Շմիդտի վերահուղարկավորությունը 1917թ-ին Լեյտենանտ Շմիդտի որդին՝ Եվգենի Շմիդտը 1921թ. Սպիտակ բանակի զորամասերի հետ լքում է Ղրիմը և մեկնում Պրահա: Բոլշևիկները նրան բազմիցս առաջարկում են վերադառնալ, սակայն փառապանծ հեղափոխականի որդին մերժում է: Եվգենի Շմիդտը մահանում է Փարիզում 1951թ. աղքատության մեջ: [img]http://shamshyan.com/ups/images/0400622001487096867502086.jpg[/img] Շմիդտի հուշարձանները Սևաստոպոլում և Օչակովում Բոլշևիկյան Ռուսաստանում Լեյտենանտ Շմիդտի կերպարը ռոմանտիզացվեց: 1927թ. Բորիս Պաստեռնակը գրեց «Լեյտենանտ Շմիդտ» պոեմը: 1931թ. լույս տեսավ Իլյա Իլֆի ու Եվգենի Պետրովի «Ոսկե հորթը» վեպը, որտեղ ծաղրի ենթարկվեցին նրանք, որոնք ձևացնում են, թե լեյտենանտ Շմիդտի որդիներն են: [img]http://shamshyan.com/ups/images/0241735001487096882429878.jpg[/img] Կադրեր «Ոսկե հորթը» ֆիլմից «1928 թվականի վաղ գարնանը լեյտենանտ Շմիդտի զավակները գրեթե բոլորը հավաքվեցին մոսկովյան պանդոկում, Սուխարևյան աշտարակի մոտ։ Քվորումը մեծ էր. ինչպես պարզվեց, լեյտենանտ Շմիդտը երեսուն որդի ուներ՝ տասնութից հիսուներկու տարեկան, և չորս դուստր՝ հիմար, տարեց ու տգեղ»: (Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով, «Ոսկե Հորթը»):

Նմանատիպ նյութեր