Խոշոր ավտովթար Մաստարայի ոլորաններում. բախվել են 06-ն ու Volkswagen-ը. կա 10 վիրավոր. Ճանապարհը եղել է անցանելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ հունվարի 31-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը  19:00-ի սահմաններում  Երևան- Գյումրի ավտոճանապարհի  84-րդ կմ հատվածում՝ Մաստարայի որոլաններում,  բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 DN 710 համարանիշի և Volkswagen մակնիշի 10 CC 107 համարանիշի ավտոմեքենաները: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Գյումրի,  մի մասը՝ Մարալիկի  բժշկական  կենտրոններ: 
Դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ: 
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով: 
Վիրավորներից մի քանիսին  հիվանդանոց են տեղափոխել փրկարարներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը:
Ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանի գլխավորությամբ: 
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը:
Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է  06-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել է Volkswagen-ին, իսկ 06-ի անվադողերն էլ ամբողջովին կիսամաշ էին, ժողովրդի  լեզվով ասած՝ քաչալ,  մինդեռ տևական ժամանակ է Կապի, տրանսպորտի  և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ՀՀ  ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում են վարորդներին, որպեսզի ավտոմեքենաների վրա տեղադրեն  ձմեռային անվադողեր:
 Հավաքվածները նշում էին նաև, որ ճանապարհը անցանելի է եղել: Թալինի ճանշինի աշխատակիցները կատարել են ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշախատանքներ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


