211652_close_icon
views-count63823 դիտում article-date 14:10 05-01-2017

Արտակարգ ու պայթյունավտանգ իրավիճակ Երևանում. մոտ 60 ընտանիք 8 տարուց ավելի է, առանց հոսանքի է, թաղապետարանն էլ կարծում է, որ մեղավորը բնակիչներն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 8 տարուց ավելի է, Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Ջուղայի փողոցի 5-րդ շենքի 60 ընտանիք բնակվում է «քարե դարում»՝ առանց էլեկտրաէներգիայի։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենքը 5 հարկանի է և ունի 5 մուտք, և այդ շենքում բնակվում է մոտ 60 ընտանիք։ Կան ընտանիքներ, որ 3 հոգի են, իսկ կան ընտանիքներ էլ՝ 10-ից ավելի։ Երևանի քաղաքապետարանը նշված շենքը համարել է 4-րդ վթարային և հայտարարում է, որ այդ 60 ընտանիքներն անօրինական են բնակվում այնտեղ, ինչի համար էլ նրանք իրավունք չունեն ունենալ էլեկտրաէներգիա։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մեր խնդրանքն է, որպեսզի տրամադրեն էլեկտրաէներգիա, և մեր ծախսած հոսանքի համար մենք պատրաստ ենք վճարելու։ Կան բնակիչներ, ովքեր տարիներ առաջ բնակարաններ են ստացել, սակայն մի մասը հաշվառված է եղել նշված շենքում դեռ ԽՍՀՄ տարիներից։ Մի մասն էլ փողոցում չհայտնվելու կամ արտագաղթի ճանապարհը չբռնելու համար եկել, տնավորվել են էստեղ։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կուրծք ծեծելով ու կոկորդը պատռելով հայտարարում է, թե՝ հայե՛ր, եկե՛ք տուն։ Մինչդեռ մենք էստեղ մեզ օտար ենք զգում։ Պատկերացնո՞ւմ եք՝ 21-րդ դարում դեռ մենք 90-ական թվականների դոզայի տակ ենք։ Նայում ենք ռմբակոծված Հալեպին, թե ինչպես են վերականգնվում էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, նախանձում ենք։ Առանց հոսանք ապրելը քիչ էր, դրան ավելացավ կոյուղաջրերի ներթափանցումը շենքերի նկուղներ։ 1 շաբաթից ավելի է, գարշահոտություն է տիրում տարածքում, սակայն Նոր Նորքի թաղապետարան ինչքան էլ ահազանգել ենք, միևնույն է՝ ձայն բարբառո հանապատի։ Միայն «Երևան Ջուր»-ն է, որ օպերատիվորեն արձագանքել ու եկել, աշխատանքներ է կատարում խցանված խողովակները բացելու ուղղությամբ, չնայած նրան, որ դա «Երևան Ջրի» լիազորությունների մեջ չի մտնում, բայց մարդիկ սատար են կանգնում ժողովրդին։ Մենք հասկանում ենք, որ կառավարությունը, Երևանի քաղաքապետարանն ու Նոր Նորքի թաղապետարանը այդքան միջոցներ չունեն նոր բնակարաններ կառուցելու համար, բայց մեր խնդրանքն է, որ գոնե մարդկային վերաբերմունք ցուցաբերեն ու էլեկտրաէներգիայի հարցը լուծեն։ Շենքում բնակվողները հիմնականում Արցախյան պատերազմի մասնակիցներ են, ովքեր թուրքի դեմը կենաց-մահու պայքար են մղել։ Իսկ այսօր հայտնվել են պանդուխտի կարգավիճակում։ Մնում է՝ ազգովի արտագաղթենք։ Գուցե դա՞ է Նոր Նորքի թաղապետարանի ուզածը։ Վստահ ենք, որ եթե այս մասին իմանա հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որ քանի տարի է, անլույս ապրում ենք, հաստատ օգնության ձեռք կմեկնի մեզ, թե չէ, էլ հույս չունենք ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ էլ թաղապետարանից»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր